“Եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, սիրիական իշխանությունները հնարավոր է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը”. պատմաբան

Գևորգ ՄելքոնյանԱնցած շաբաթը բավական բուռն էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում: Վերջերս Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Սիրիայում կատարվածը համեմատեց 1915 թվականին հայերի և ասորիների հետ կատարված ցեղասպնաթյան հետ:
Սակայն պետք է նկատել, որ մինչև 2011 թվականը Սիրիայի իշխանությունները շատ զսպված քաղաքականություն էին վարում Հայոց ցեղասպանության հարցում, կային որոշ սահմանափակումներ, Սիրիայի նախագահը կոչ էր անում հայերին հաշտվել Թուրքիայի հետ, Սիրիայում խուսափում էին թույլ տալ մեծ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցներին: Այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ Սիրիայի քաղաքականության կտրուկ փոփոխությունը հատուկ նպատակ է հետապնդում: Երբ Թուրքիան սկսեց անմիջականորեն միջամտել Սիրիայում կատարված դեպքերին, սիրիական իշխանությունները կտրուկ փոխեցին իրենց քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում:
“Ես կարծում եմ, որ Սիրիայի այս քաղաքականությունը Թուրքիային ճնշելու նպատակ է հետապնդում, և Սիրիան այսպես շարունակելու է այնքան ժամանակ, մինչև որ Թուրքիան փոխի իր քաղաքականությունը սիրիական դեպքերի վերաբերյալ: Եթե այսպես շարունակվի, շատ հնարավոր է, որ Սիրիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը”,- ասաց Գևորգ Մելքոնյանը՝ հավելելով, որ անգամ Գերմանիան, որ հարյուրամյակներ եղել է Թուրքիայի գլխավոր դաշնակիցը, կոչ է անում Թուրքիային առերեսվել պատմության հետ և ճանաչել հայերի ու ասորիների ցեղասպանությունը: Ստացվում է, որ այն երկրներում, որտեղ Թուրքիան ունի այդքան մեծ համայնք և մի շարք արտոնություններ, դարձյալ Հայոց ցեղասպնության ճանաչման խնդիր ունի:

Անկախ

Tags: , , , ,