Հայաստանը կարող էր խուսափել Մաքսային միությանն անդամակցելուց, եթե խանդ չառաջացներ Ռուսաստանի մեջ: Հայաստանը պետք է շարունակեր վարել կոմպլեմենտար քաղաքականություն` կամուրջ հանդիսանալով երկու կառույցների` Մաքսային միության և Եվրամիության միջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները կարելի է բաժանել երեք փուլի: Առաջին փուլը 1990-ական թվականներն են, երբ հայ-ռուսական հարաբերությունները կրում էին ռազմավարական բնույթ: Երկրորդ փուլը 2000-ական թվականներն էին, երբ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացան:
«Ես համոզված եմ, որ 10-ը տարի առաջ Հայաստանն ընդունում էր Ռուսաստանի` ռազմավարական գործընկեր լինելու փաստը, սակայն փորձում էր հարաբերություններն ընդլայնել արևմտյան երկրների հետ: Ռուսաստանը շատ բացասական էր վերաբերվում Ասոցացման համաձայնագրին, որի արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում առաջացավ խորը կասկած: Դրա համար անցած տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր հայտարարել, որ միանում է Մաքսային միությանը, որպեսզի չկորցնի իր ռազմավարական գործընկերոջը»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Ըստ քաղաքագետի` ստեղծված իրադրությունում Հայաստանն ու Ռուսաստանը, ասես, ամուսիններ լինեն և, քանի որ Հայաստանը որոշել էր դավաճանել Ռուսաստանին, վերջինս էլ հարցը դրեց այսպես. կա՛մ բաժանվում ենք, կամ մտնում ես «չուլան»:
«Այսօր Հայաստանը մտել է «չուլան» և փորձում է ամեն ինչ անել՝ ապացուցելու համար, որ հավատարիմ է Ռուսաստանին: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ Հայաստանը չընտրեր ո՛չ Եվրոպական Միությունը, ո՛չ Մաքսային Միությունը և հավասարակշռություն պահպաներ»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
