Մելիք գյուղը պոչամբարի վերածվելու վտանգի տակ է

Թուխմանուկի հանքավայրԱպարանի Մելիք գյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո-Գոլդ» ընկերությունը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն: Պահանջում են ներկայացնել հանքի շահագործման ամբողջական նախագիծ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամ, բնապահպան Գրետա Գաբրիելյանը:

«Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամ Գրետա Գաբրիելյանի խոսքով` հանքը շահագործվել է դեռևս խորհրդային տարիներից, բայց փակ եղանակով: 2005-ին «Մեգո-Գոլդ» ընկերությունը ստացել է բաց եղանակով հանքը շահագործելու թույլտվություն՝ երկու տարի, ապա վեց և կես տարի՝ ստորգետնյա եղանակով: Մինչ օրս շահագործումը կատարվում է միայն բաց եղանակով:

«Ճիշտ է Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ համայնքի առողջական վիճակը առանձնակի չի տարբերվում մյուսներից, սակայն երիտասարդները պնդում են, որ իրենք վատ ինքնազգացողություն են ունենում, հաճախակի գլխացավեր և այլն: Բացի այդ, հողը հարուստ է թունավոր նյութերով և պիտանի չէ մշակման: Ընդհանրապես նման վտանգ առկա է բոլոր հանքերի դեպքում, սակայն այս տարածքը կարևոր է այնքանով, որ ջրագոյացման տարածք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրետա Գաբրիելյանը:

«Eco Right» կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանի խոսքով`երկու պոչամբարներն ու հանքը գտնվում են Մելիք գյուղի հարևանությամբ: Ընկերության հավաստմամբ՝ իրենք ունեն 18 մլն տոննա ոսկու հաստատված պաշարներ, այսինքն նույնքան էլ պոչհանք է առաջանալու և նույնքան կեղտաջուր:

«Երրորդ պոչամբարը 100 000 տոննա պաշար ունի, կարելի է պատկերացնել, թե քանի պաչամբար է անհրաժեշտ կառուցել 18 մլն պոչհանքի համար: Նշանակում է, պետք է ամբողջ գյուղի տարածքը վերածել պոչամբարի կամ գյուղը տեղահանել»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Անկախ

Tags: ,