167 ֆերմեր է տուժել Գյուղնախարարության կողմից տրամադրված անորակ սերմնացուի պատճառով

ֆերմերներԱնորակ ցորենի հետ կապված Գյուղնախարարության և ֆերմերների մեկ տարի տևած դատական գործընթացն ավարտվել է ի օգուտ ֆերմերների:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը ներկայացրեց դեպքի նախապատմությունը:

Նրա խոսքով` 2010 թվականին ընդունվեց “Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության ծրագիր”: Ծրագրի հիմնական նպատակն էր` կանխել ցորենի ցանքատարածությունների նվազման տենդենցը: 2010-ին հանրապետություն է  ներկրվել 1010 տոննա ցորենի սերմնացու 7 սորտերով: Ներկրված սերմնացումները բաժանվել են 15 հա և ավելի հողատարածքներ ուեցող շահառուներին:

Ծրագիրը նախատեսում էր` շահառուների կողմից մշակված սերմնացուն համապատասխան ստանդարտներով ետ վերցնել և բաժանել փոքր հողատարածք ունեցող գյուղատնտեսություններին:

2011-ի բերքահավաքի ժամանակ վերոնշյալ երեք մարզերի շահառուները 100 %-ով վերադարձրել են սերմնացուն ½ փոխհարաբերությամբ, որը բաժանվել է փոքր հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին:

«Սերմնացուն չեն կարողացել վերադարձնել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզի շահառուները, ովքեր 2013-ի հոկտեմբերի վերջը ներառյալ պետք է կարողանային ետ վերադարձնել համապատասխան գումարները: Ծրագրի համաձայն` այն շահառուն, ով չի կարողանա ապահովել ½ փոխհարաբերությամբ վերադարձը, պետք է վճարի ½ փոխհարաբերությամբ կրկնակի գումարով` 1 կիլոգրամի դիմաց 700 դրամ:

Արարատի մարզում հոկտեմբերին ցանքերը կատարելուց և մեկ անգամ ոռոգելուց հետո նոյեմբերին ջերմաստիճանի կտրուկ նվազում է նկատվել: Չնայած պայմանագրում չկա նախատեսված որևէ դրույթ ֆորս-մաժորային իրավիճակի մասին, սակայն հաշվի առնելով եղանակային կտրուկ նվազումը, Գյուղատնտեսության նախարարությունը որոշեց, որ շահառուները 700 դրամի փոխարեն 1 կիլոգրամը փոխհատուցեն 400 դրամով»,- ասաց Սամվել Գալստյանը: Նախարարի տեղակալի խոսքով` շահառուները համախմբվել են և չեն ցանկանում պայմանագրով նախատեսված դրույթներն իրականացնել, չեն ցանկանում փոխհատուցել գումարները: Եվ, քանի որ դատական գործընթացն ավարտվել է ի օգուտ ֆերմերների, Գյուղնախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը:

Իսկ ահա ֆերմերները դժգոհում են նախարարության կողմից տրամադրված էլիտար սերմնացուից, որն, ինչպես իրենք են պնդում, անորակ է եղել և նորմալ բերք չի տվել: Այս սերմնացուի պատճառով իրենք բավական մեծ պարտքերի տակ են ընկել: 167 ֆերմեր այս բախտին է արժանացել, իսկ դատական գործը մի քանիսն են միայն շահել:

Անկախ

Tags: , ,