«Ինտերնետ» կոչվածը հղի է որոշակի վտանգերով. Վահե Մակարյան

Sona2Անսահման ու անեզր ինտերնետ կամ համացանց, երկու անվանումն էլ ճիշտ է ու հասկանալի: Ինտերնետի մասին դեռ մի քանի տարի առաջ շատերը գաղափար չունեին, իսկ այսօր առանց ինտերնետ կյանք չունեն: Մեր ծնողների համար Blog, facebook-ի անձնական էջ, այս բառերը ոչ մի նշանակություն չունեն, իսկ երիտասարդների համար դարձել են կյանքի մի մասնիկ: Ինտերնետը լայն հնարավորություն է տալիս շփվելու ամենատարբեր բնավորությունների տեր մարդկանց, ծանոթ-անծանոթների, հարեւանների, հարազատների, թշնամիների ու «աստղերի» հետ: Նրա շնորհիվ հասանելի է դառնում անհասանելի բարձունքներն ու արգելքները, մենք մի մասնիկն ենք կազմում աշխարհի  մյուս ծայրում կատարվող իրադարձության: Մենք չենք ապրում, շնչում ու արարում առանց ինտերնետ:  Մկնիկի մեկ հարվածով մեր առջեւ բացվում է անսահման լրահոս, անթիվ նյութեր, ֆիլմեր, գրքեր ու նկարներ, մեզ ձեռքով են բարեւում արտասահմանում ապրող մեր հարազատները, մեզ սիրահարվում են օվկիանոսից այն կողմ գտնվող երկրպագուները, մենք բաժանվում, միանում, արտասվում ու ժպտում ենք ինտերնետում, մեզ ճանաչում են, գնահատում, սիրում ու ատում ինտերնետում: Ինտերնետից օգտվում են հիմնականում  երիտասարդները:

Լրագրող Վահե Մակարյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ ինտերներտը 21-րդ դարում ժամանակակից մարդու, հատկապես հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող մարդու համար կենսական նշանակություն ունեցող երևույթ է.

«Այսօր  իսկապես դժվար է նույնիսկ տնային տնտեսուհիների, էլ չեմ ասում՝ ակտիվ գործունեություն ծավալող անձանց համար իենց կյանքը, աշխատանքն ու առօրյան առհասարակ պատկերացնել առանց ինտերնետի, առանց վիրտուալ իրականության:Սակայն պետք է հաշվի առնել, որ «ինտերնետ» կոչվածն իր բոլոր դրական կողմերով հանդերձ՝ հղի է նաև որոշակի վտանգերով և պարունակում է մի շարք բացասական կողմեր, որոնք հաշվի չառնելու և դրանց հետ անզգույշ վարվելու արդյունքում կարելի է կանգնել բավականին լուրջ բացասական հետևանքների առաջ»:

Նրա խոսքով երբ չկար ինտերնետը, չկային նաև այն գաղափարներն ու այն աշխատանքները, որոնք այսօր իրականացվում են հենց ինտերնետի միջոցով: Քարի դարում մարդիկ իրենց նպատակներն ու աշխատանքներն իրականացնում էին քարից պատրաստված գործիքներիվ, այսօր մարդիկ իրենց գաղափարները կյանքի են կոչում ինտերնետի միջոցով: Այնպես որ, տեխնիկան զարգանում է մարդկանց պահանջներին համապատասխան, ու դժվար է այսօր՝ տեխնոկրատիայի այս դարաշրջանում հրաժարվել մի բանից կամ փորձել քեզ պատկերացնել առանց մի բանի, որով դու այսօր ուղղակի ապրում ես, աշխատում, արարում ու ապահովում քո վաղվա օրը:

Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Էմմա Ասատրյանի համոզմամբ 21-րդ դարն անհամ ու անգույն կլիներ առանց ինտերնետի: Հայ հասարակության մեծ մասը, եթե ոչ բոլորն այսօր օգտվում են ինտերնետից, անգամ 2-3 տարեկան երեխան գրանցված է սոցիալական ցանցերում ու ավելի արագ է կողմնորոշվում, քան հասուն 45-55 տարեկան գիտակից մարդը.

«Առանց ինտերնետ սուտ է ամեն ինչ, ինքս չեմ պատկերացնում կյանքս առանց ամեն օր ընթերցվող լուրերի, ընկերների հետ շփման, առանց ֆիլմերի, սուր ու աղմկահարույց նյութերի: Հեռուստացույց չեմ դիտում, միայն համակարգիչ` ինտերնետ, սակայն այս ամենին զուգահեռ պետք է գիտակցել, որ վիրտուալ շփումն ու իրականությունը շատ տարբեր են, անհրաժեշտ է քայլել կյանքին համընթաց, ոչ թե կառչել համակարգչից ու օրերով, ժամերով մնալ տանը: Կյանքը գնում է առաջ, իսկ մենք չպետք է վազենք, հասնելու համար, ամեն ինչ պետք է անել ժամանակին ու զգալ ամեն մի ապրած վարկյանի կարեւորությունը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Tags: , ,