«Չորս խմբակցությունների նախաձեռնածը քաղաքական իմիտացիա է». Սերգեյ Մինասյան

սերգեյ մինասյանՈչ իշխանական չորս քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն փորձում են սկսել մի գործընթաց` շատ լավ գիտակցելով, որ դա պարզապես գործընթաց է գործընթացի համար: Յուրաքանչյուր քաղաքական ուժի, հատկապես ընդդիմադիր, նպատակն է գալ իշխանության, և դրա միջոցներից է, օրինակ, իշխանության քննադատությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով չորս քաղաքական ուժերի նախաձեռնությունից` ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետի կարծիքով` այն, ինչ ուզում են անել չորս քաղաքական ուժերը Խորհրդարանի ներսում, տեսականորեն անհնար է, քանի որ ՀՀԿ-ն այս իրավիճակում, նույնիսկ առանց համախոհների` ի դեմս «Օրինաց երկրի», ունի միանձնյա մեծամասնություն խորհրդարանում: Հետևաբար, եթե  անգամ այդ նախաձեռնությունը գործողության փուլ մտնի, քաղաքական իմաստ չի ունենա:

«Հայաստանի քաղաքական զարգացման առումով շատ ավելի լավ կլիներ, որ չորս ուժերի այս նախաձեռնությունը տեղի ունենար ո’չ թե 2014-ի փետրվարին, այլ 2013-ի փետրվարին: Այդ դեպքում մենք կունենայինք ավելի իրական նախագահական ընտրություններ: Այդ ժամանակ էլ ԲՀԿ-ն, որն այսօր փորձում է որպես այլընտրանք  հանդես գալ, կհավակներ դառնալ այն երկրորդ քաղաքական բուրգը, որը հավակնում է լինել այս տարի»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի` նրանք, ովքեր պահանջում են քաղաքական-տնտեսական բարեփոխումներ, նպատակ ունեն ոչ թե կառավարության կամ նախագահի փոփոխության, այլ քաղաքական համակարգի:

«ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն փորձում են իշխանափոխություն անել խորհրդարանական քաղաքականության միջոցով: ԲՀԿ-ն, օրինակ, այն ուժն է, որն այլ կերպ մենք անվանում ենք կոնստրուկտիվ ընդդիմություն: Իհարկե, ԲՀԿ-ն դա անվանում է ոչ թե կոնստրուկտիվ, այլ ալտերնատիվ, բայց իրականում իմաստը նույնն է: Իսկ ահա ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» իշխանափոխությունը տեսնում են ոչ խորհրդարանական քաղաքականությունից դուրս: Բայց, պետք է նկատել, որ այս պահին երկու տարբերակներն էլ չեն կարող աշխատել: Չորս խմբակցությունների նախաձեռնածը քաղաքական իմիտացիա է»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Tags: , , , , ,