Սևանա լճում, Շորժայի մոտակայքում իրականացվող պիլոտային ծրագրով նախատեսվում է առաջիկայում ընդլայնել և լճում տեղադրված նոր ցանցավանդակներում իշխանի արհեստական աճեցումը հասցնել տարեկան 50 000 տոննայի: Արհեստական աճեցումն ապահովելու նպատակով պահանջվելու է 50 000 տոննա արհեստական կեր, որը լիճը լցվելու դեպքում ջուրը կթունավորի ֆոսֆորով և ազոտով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ, ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանն ասաց, որ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման պատրվակով ստեղծվում է ձկնային խոշոր տնտեսություն, այսինքն` ծավալվում է բիզնես:
«Մենք առաջարկեցինք պիլոտային ծրագիրը չփորձարկել Սևանա լճի վրա, այլ օգտագործել արհեստական ջրամբարները` խմելու ջրով, օրինակ, Սպանդարյան ջրամբարը, Ապարանի ջրամբարը և այլն: Պետք չէ փորձարկում անել Սևանի վրա: Պիլոտային ծրագրով նախատեսվում է տարեկան 50 000 տոննա ձուկ ստանալ, որը պահանջում է ճիշտ 50 000 տոննա արհեստական կեր: Արհեստական կերի պատճառով ազոտն ու ֆոսֆորը լրացուցիչ կաղտոտեն Սևանի քաղցրահամ ջուրը»,- ասաց Գագիկ Սուխուդյանը:
Ըստ բանախոսի` Սևանա լիճն առաջին հերթին պետք է դիտել որպես քաղցրահամ ջրի պաշար` առայժմ 34 մլրդ խմ ջրի ծավալով, ջուրն ավելացնել, բարձրացնել նրա մակարդակը, չէ որ այսօր շատ երկրներում քաղցրահամ ջուրը նավթից էլ թանկ է:
Գագիկ Սուխուդյանի հավաստմամբ` եթե Սևանա լճի ջուրը չապականվի, մոտ 15 տարի հետո ոսկու գնին կհավասարվի:
«Կառավարությունը, սակայն, անտեսում է այս իրողությունը, Սևանա լճին վնասող նրա քայլերը հաջորդում են միմյանց»,- ասաց բանախոսը:
Tags: «Սևանա լիճ», բնապահպանություն