Գյումրեցի պատգամավորը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգն անփոխարինելի է համարում

26 039Գյումրիում անցկացված «ԴԵՄ ԵՄ պարտադիր կուտակայինին» ակցիայի մասնակիցներին ընդունեց գյումրեցի պատգամավոր, ՀՀԿ Գյումրի-2 տարածքային կազմակերպության պատասխանատու Սուքիաս Ավետիսյանը: Վերջինս երիտասարդների հետ բավական երկար զրույց ունեցավ: «Քաղաքը մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը պատգամավորին ներկայացնելով երիտասարդներին՝ նշեց. «Այստեղ այն անձնակազմն է, որ անմիջապես պարտադիր կենսաթոշակային համակարգի բացասական հետևանքները զգացել է իր վրա և մենք եկել ենք ձեզ մոտ հորդորով, որ  հրաժարվեք այդ օրենքից»:
«Իհարկե, նմանատիպ խորը բարեփոխում պահանջող օրենքը, ինչ խոսք նաև ունենում է որոշակիորեն ազդեցություն որոշակի խավերի վրա: Ես ինքս օրենքի քննարկումներին մասնակցել եմ դեռ 10 տարի առաջ: Ասեմ, որ ի սկզբանե շատ ու շատ ավելի մտահոգող օրենսդրական բացեր ենք մենք նկատել, որոնք տարիների ընթացքում փորձել ենք շտկել: Իհարկե, շատ մարդկանց եկամուտը պակասել է, Հայաստանում շատ բարձր աշխատավարձ ստացող մոտ 684 մարդկանց եկամուտը պակասել է, ինչպես նաև մի քանի հազար մարդու: Բայց նաև չէր կարող մեր կենսաթոշակային համակարգը նման ձևով շարունակվեր: Ես շատ ուրախ կլինեի, որ նմանատիպ օրենք ընդունվեր 20 տարի առաջ՝ անկախության ընդունումից հետո, և շատ հարցերում այսօր ավելի առաջավոր տեղերում կլինեինք, քան հիմա՝ կենսաթոշակների համակարգի առումով», – նշեց Սուքիաս Ավետիսյանը: Ապա երիտասարդներին բացատրեց, թե ինչու են օտարերկրյա կազմակերպությունները տնօրինելու ֆոնդերը, ինչու է համակարգը պարտադիր և այլն:

Ակցիայի մասնակիցներից մեկը հարցրեց, թե. «Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ ու արդար կլիներ, եթե նախևառաջ աշխատատեղեր ստեղծեին, նոր կուտակայինի հարցն առաջ քաշվեր»:
Ի պատասխան պաշտոնյան նշեց. «Շատ ավելի լավ կլիներ, բայց խնդրեմ, դուք հուշեք առաջարկ՝ Գյումրիում թեկուզ 10 աշխատատեղ ստեղծելու: Ես պատրաստ եմ կանգնել ցանկացած մարդու կողքը, որպեսզի կարողանա Գյումրիում 10, 20, 30 աշխատատեղ ստեղծել:  Այսօր ամենալավ տարբերակն այն է, որ ոչ թե 1:1 կամ 1:2 հարաբերակցություն լիներ, այլ լավագույն զարգացած երկրների պես՝ 5 աշխատողին մեկ թոշակառու լիներ, մենք էլ այս խնդիրը կարողանայինք լուծել: Մենք լավ օրից չենք գնացել սրան: Ուսումնասիրվել է մի քանի տասնյակ երկրների փորձ, թե ինչ արվի, ինչպես, որ սրա տակից կարողանանք դուրս գալ»:
«Ես ի սկզբանե ասել եմ և կրկնում եմ, այո, ծանր է, երբ մարդու ռեալ եկամուտը պակասում է և այն եկամտից է պակասում, որը մարդուն հազիվ բավարարում է կամ չի էլ բավարարում, իր նվազագույն կեսապահովման խնդիրները լուծելու համար: Բայց չկա նաև որևէ տարբերակ, որ կարողանանք մի քաղաքում կամ մի մարզում լրացուցիչ արտոնության խնդիր դնենք», – ասում է պատգամավորը:
Իսկ ակցիայի մասնակից Արսեն Վարդանյանը նշեց հետևյալը. «Քանի որ մեզ համար պետությունն ի սկզբանե չի ստեղծել սոցիալական պայմաններ, մենք մեզանով ենք ստեղծում, ես ի սկզբանե, չեմ պատրաստվում այդ 5 տոկոս պարտադիր կենսաթոշակայինը վճարել և համահայկական ընդվզման կոչ եմ անում բոլոր-բոլորին, ովքեր ինձ  պես առավոտից իրիկուն, չարչարանքով ստեղծել են այդ գումարը և ի վիճակի չեն իրենց մինիմալ կենսական պայմաններն ապահովել»: Երիտասարդները պատգամավորին հորդորեցին այսուհետ չընդունել նմանատիպ օրենքներ, որոնք կարող են բերել ներքաղաքական ընդվզումների. «Մենք մինչև վերջ գնացող ենք, մենք մեր իրավունքների հետևից գնալու ենք և քայլ առ քայլ պահանջելու ենք, որպեսզի այս ամենը լինի պարզ, թափանցիկ ու ի շահ մեզ»:
Սուքիաս Ավետիսյանը խոստացավ ԱԺ-ում այս մասին հայտարարությամբ հանդես գալ, իսկ որպես հետդարձի ճանապարհ՝ չի տեսնում, եթե, իհարկե, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչի օրենքը:

Tags: , , ,