«Այն գիրքն է լավը, որը բացում ես ակնկալելով և փակում հարստացած». անգլիացի Օլքոթին հիշում ենք միայն փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը

GIRQ 4Փետրվարի 19-ին մեր երկրում նշեցինք Գիրք նվիրելու օրը: Այս օրվա ընտրությունը թերևս պայմանավորված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձով: Այս բարի ավանդույթը սկիզբ է առել 2008-ից, երբ Գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանը որոշեց այն կյանքի կոչել:
Տոնի առթիվ «Անկախ»-ը զրուցել է ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ:
Իհարկե, տոնական օրվա ընթացքում ոչ բոլոր գրողները հնարավորություն ունեցան ընթերցողներին նվիրելու իրենց գրքերը, բայց տարբեր սերունդների, մասնագիտության և խառնվածքի տեր անձինք մասնակցեցին տոնին:
Գրքի օրվա առթիվ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե՝ գրականությունն ու գիրքը նո՞ւյնպես ապրանք են, դրանք պե՞տք է համապատասխանեն սպառողների կարիքներին:

- Գիտեք, չնայած այս հարցի շուրջ առկա տեսակետների հակասականությանը, ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ «ստեղծագործական ազատության» կողմնակիցները չափազանցում են գրական շուկայից իրենց անկախությունը: Գիրքը միշտ գրողի և ընթերցողի շփումն է: Եթե հեղինակը գրքի վրա աշխատելիս չի մտածում ապագա ընթերցողի մասին, ասենք` ինչպես համոզել նրան իր գաղափարների ճշմարտացիության մեջ, ինչպես ի ցույց դնել իր աշխարհն այնպես, ինչպես ինքն է այն տեսնում և այլն, ապա դա ոչ թե գրականություն է, այլ մենախոսություն հայելու առջև: Ես կարծում եմ, որ գիրքը միշտ հետադարձ կապ է ընթերցողի հետ, իսկ բոլոր այն տեղերում, որտեղ կա նման կապ, բնականաբար, սկսվում է մարքեթինգը:
Սակայն, մյուս կողմից` գիրքը, որպես հոգևոր-մշակութային արժեքների կրիչ, ավելին է, քան ապրանքը: Բերեմ Գերմանիայի օրինակը, որտեղ գիրքն ընդամենը 5% ԱԱՀ-ով է հարկվում, այն դեպքում, երբ մնացած ապրանքները հարկվում են 19%-ով: Այսինքն` ընդհանուր շուկայական հարաբերությունների մեջ գիրքն առանձնացվում է հանրայնորեն: Գրաշրջանառության համար հատկապես պետական խողովակներում բոլոր լույսերը պետք է կանաչ լինեն:

«Անկախի» այն հարցին էլ, թե այսօր Հայաստանում էլեկտրոնային գրականությունը կարծես հասանելիության առումով մի քանի քայլ առաջ է գնացել թղթային կրիչներից, հարկավո՞ր է շեշտն այս ուղղության վրա դնել` ասում է.

- Գիտեք, գրքի հետ կապված խնդիրները դրանից չեն փոխվում: Թղթով թե էլեկտրոնային` իրականում դրանք միևնույն ապրանքներն են տարբեր կրիչների վրա և արտադրության նույն ծախսերն են պահանջում: Այլ հարց է, որ այո՛, գիրքը պետք է հրատարակել բոլոր հնարավոր ու հասանելի ձևաչափերով: Եվ ամենևին կարևոր չէ, թե մարդն ինչ ձևով է հաղորդակցվում գիտելիքի աղբյուրին, կարևորն այն է, որ այդ գիտելիքը հասնի նրան: Որտեղ ընթերցողն է, այնտեղ էլ պետք է լինի հրատարակիչը, նա պետք է հարմարվի ընթերցողին: Եթե փոքրիկ երեխան ուզում է լողանալու ընթացքում գրքի հետ լինել, ուրեմն դու պետք է արտադրես գիրք, որը չի վախենում ջրից: Գիրքն այնտեղ պետք է լինի, որտեղ նրան սպասում է ընթերցողը:

Գրքի ու ընթերցողների մասին խոսեցինք նաև գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Երիտասարդ գրաքննադատից հետաքրքրվեցինք՝ արդյոք գրողը պե՞տք է հասանելի լինի ընթերցողներին:
- Բազմաթիվ օրինակներ ունենք, երբ որոշ գրողներ` շփման համար «փակ» վարքագծով, ավելի մեծ ազդեցություն ունեն, քան նրանք, որոնք ավելի, այսպես ասած, «բաց» են: Պատահում է, երբ գրողները փակված մնում են իրենց «քարանձավներում»՝ ստեղծագործական աշխարհում, ու լինում են գրողներ, որոնք իրենց բացության շնորհիվ կարողանում են ընթերցողական և գրողական ազդեցության դաշտի մեծ շրջանակ ապահովել: Մյուս կողմից էլ, այնուամենայնիվ, մի լավ խոսք կա՝ կտավը դիտելուց հետո մի շփվիր նկարչի հետ: Նույնը կարելի է ասել նաև գրողների մասին. գրականությունը որքան էլ իր մեջ կրի անձնական, անհատական ենթաշերտեր, այնուամենայնիվ, մի փոքր հեռու է գրողից: Հնարավոր է, որ գրողի հետ հարաբերվելը որոշ հիասթափություն առաջացնի ընթերցողի մեջ,- ասում է գրաքննադատը:

Գրականագետ, բազմաթիվ աշխատությունների և գրքերի հեղինակ Վարդան Դևրիկյանն էլ ասում է, որ աշխատում է ամեն ինչ անել, որ իր գրքերը միմիայն մասնագիտական շրջանակի համար չընկալվեն:
- Գիտեք, խորհրդային շրջանում էլ չէին գրում բոլորի համար, նախաբանում նշում էին՝ նախատեսված է մասնագետների և ընթերցողների որոշակի շրջանակի համար: Ամեն դեպքում, ինչ որ գրել եմ, գուցե դրանից անգամ տուժել եմ, գուցե դրա պատճառով ինչ-որ չափով գրածներս լուրջ չեն ընկալվել, բայց միշտ նկատի եմ ունեցել ընթերցողների լայն շրջանը,- ասում է Վարդան Դևրիկյանը,-դա առաջին հերթին շարադրանքի դժվարություն է պահանջում, որովհետև այն, ինչ գրում ես գիտական տիրույթում, ինքնին հասկանալի է, բայց երբ գրում ես ավելի լայն շրջանակի համար, ապա թեկուզ նուրբ ձևով, պետք է բացատրել: Հետո ասեմ, որ բարդ գրելը գիտական խելոքության նշան չէ, բարդ շարադրանքը ցույց է տալիս, որ նյութը մարսված չէ: Մարսված նյութը շատերի համար բավականին պարզ ու հասկանալի է լինում:

Պարզվեց, որ Դևրիկյանի համար լավագույն գիրքը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն է:
- Աբովյանի վեպն ինձ համար շրջադարձային է: Մեր գրականությունն իրապես երկու սկիզբ ունի: Առաջինը Խորենացին է «Հայոց պատմություն»-ով, երկրորդը Աբովյանն է` «Վերք Հայաստանի»-ով: Իմ կյանքը, վստահ եմ, այլ ուղղություն կունենար, եթե Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն չլիներ,- եզրափակում է գրականագետը:

Tags: , ,