1984-2011 թվականների ընթացքում Երևանի կանաչ տարածքները նվազել են 60%-ով

կանաչ տարածքներԱնկախության տարիներին ծավալված Երևանի քաղաքաշինությունը խիստ բարձրացրել է մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկերը` էկոլոգիական բազմաթիվ վնասներ պատճառելով: Ամբողջ աշխարհում բարեկարգում են բակային տարածքները, իսկ մենք հակառակն ենք անում՝ բակերում կառուցելով նորանոր բարձրահարկ շինություններ: Մարդկանց բողոքն էլ տեղին է, քանի որ այդ կառուցապատումների հետևանքով ոչ և կանաչապատ տարածքներն են վերանում, և մարդկանց կյանքն է դժոխքի վերածվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանին կից էկոլոգիական հասարակական հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Բնապահպանի խոսքով` 1984-2011 թվականների ընթացքում Երևանի կանաչ տարածքները նվազել են շուրջ 60 %-ով:

Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն էլ նշեց, որ ինստիտուտի կողմից կազմվել է Երևանի կլիմայական պայմաններին առավել հարմար բուսատեսակների ցուցակ:
«Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ներկայումս առկա են ավելի քան 250 բուսատեսակներ: Օրինակ, ամենատարածված բուսատեսակներից թեղին այլևս պիտանի չէ աճելու: Երևանի համար խիստ արդիական է ուղղահայաց կանաչապատումը, օրինակ, շենքերի տանիքներին ոչ հողային պայմաններում բուսատեսակների աճեցումը:

Քաղաքապետարանին կից էկոլոգիական հասարակական հանձնաժողովի քարտուղար Դիանա Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Երևանն ընդգրկվել է «ՏԻՄ-երը հանուն կայունության» քաղաքների էկոլոգիական նախաձեռնության միջազգային ցանցում, որտեղ ներառված են ավելի քան 1000 քաղաքներ:

« «ՏԻՄ-երը հանուն կայունության» քաղաքների էկոլոգիական նախաձեռնության միջազգային ցանցն օգնելու է քաղաքին մշակել էկոլոգիական ռազմավարություն, կապեր ստեղծել տարբեր հիմնադրամների հետ»,- ասաց Դիանա Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ Երևանում մեկ շնչին ներկայումս բաժին է ընկնում մոտ 8 քմ կանաչ տարածք՝ այն դեպքում, երբ 2005-ին այդ թիվը 5.2 քմ էր: Վերջին երեք տարիներին Երևանի կանաչապատ տարածքները 830 հա-ից հասել են 850 հա-ի:

Անկախ

Tags: ,