Ծուլություն

ծուլություն (1)Պարբերականներից մեկը ժամանակին գրել է, որ մարդու կարիերայի աճին հիմնականում խոչընդոտում է ծուլությունը: Գուցե: Բոլորս համոզված ենք, որ ծուլությունը բնավորություն է, մինչդեռ բժիշկները նախազգուշացնում են, որ ծուլությունը կարող է լուրջ հիվանդությունների ախտանշան լինել:
Հոգեբանները տարբերում են ծուլության հետևյալ տեսակները. հասարակ, «կենցաղային» ծուլություն և առողջական ծուլություն:
Առաջինի դեպքում խորհուրդ է տրվում ժամանակավորապես ակտիվությունը դադարեցնել, ասենք, գրասենյակային աշխատողին օգտակար կլինի մարզումը կամ էլ մաքուր օդին զբոսանքը: Իսկ աշխատանքային ակտիվությունը վերադարձնելուն կօգնի աշխատանքային տարածքի կազմակերպումը կարգավորելն ու մաքրությունը:
Այլ հարց է, երբ ծուլությունը լուրջ խնդիրների ախտանշան է: Լինում է, երբ գործն անընդհատ հետաձգում ենք, եթե անգամ այն խիստ կարևոր է: Այն, ինչը կարող է սովորական ծուլություն ընկալվել, հնարավոր է, որ հուշի գերհոգնածության, քրոնիկ հոգնածության, ուշադրության դեֆիցիտի, ասթենիայի ու դեպրեսիայի մասին:
Սակայն մեկ այլ կարծիքի համաձայն` ծուլությունը ոչ թե արատ է, այլ սեփական անձի հանդեպ հոգատարություն: Ուրեմն հարկ չկա ինքնաձաղկմամբ տարվել, եթե ցանկություն չունեք առավոտից ինչ-որ բանով զբաղվելու, ասենք` խոհանոցում եփել-թափելու:
Հաճախ ծուլացումը ծանրաբեռնվածության հեռտևանք է, հանգիստ առնելու ահազանգ: Իհարկե, ամենալավ միջոցը զբաղմունքը փոխելն է կամ ակտիվ շարժումը:
Ծուլությունը լիարժեք քնի, ակտիվ հանգստի ու առողջ սննդի նման անհրաժեշտ է օրգանիզմին: Երբեմն կարելի է տրվել այդ զգացմանը` դեն նետելով կեղծ ամոթն ու խղճմտանքը: Այն, ինչն ընդունված է ծուլություն անվանել, իսկապես կարելի է հոգատարություն համարել սեփական անձի հանդեպ: Ցանկացած զբաղմունք ոչ միայն էներգիայի ծախս, այլև կուտակում, պահպանում ու բազմապատկում է պահանջում: Իսկ դա կարելի է անել միայն պասիվ հանգստի վիճակում: Սակայն չպետք է դրանով տարվել, քանի որ էներգիան անշարժությունից լճանալու և որակը կորցնելու հատկություն ունի:
Իրականում ծուլություն գոյություն չունի, կա միայն` «ուզում եմ» կամ «պետք է»: Հարցն աշխատանքը չէ, այլ այն, թե ինչպես ենք վերաբերվում այդ աշխատանքին:
Բոլորս ենք դաստիարակվել ծուլության դեմ պայքարի ոգով: Ինչպե՞ս կարելի է երեխային բացատրել, թե ինչու պետք է դպրոց հաճախել: Ասում են` ծուլությունն է ծնունդ տալիս բոլոր արատներին: Ծուլություն է, երբ ինչ-որ բան պետք է արվի, սակայն ցանկություն չկա:
Եթե ինչ-որ գործեր հետաձգում ենք ու ծուլանում, ապա նշանակում է` դրանք կա՛մ հետաքրքիր չեն, կա՛մ անսովոր են, կա՛մ դրանք դժվար ենք համարում: Նույնիսկ պարզագույն թեստ կարելի է համարել. եթե մարդը սկսում է ծուլանալ, ապա կա՛մ աշխատանքն է անհետաքրքիր, կա՛մ մարդը հոգնել է:
ծուլություն (2)Ծուլությունը մարդու օրգանիզմի պաշտպանական հակազդեցությունն է, որ մարդն ինքն իրեն չտանջի: Դա ներքին ազդանշան է, որ ասում է` մի լարվիր, քնիր ու ամեն ինչ կանցնի: Բայց եթե անընդհատ ականջ դնելու լինենք այդ ձայնին, ապա կմոռանանք մնացած ամեն ինչի մասին: Երբեմն էլ լինում է, որ ծուլությունից ենք հոգնում:
Ծուլությունն օգնում է ինքներս մեզնից օգտվելու կանոններին հետևել. այսպես, որպեսզի «սարքն» աշխատի, պետք է այն ժամանակ առ ժամանակ անջատել, որ հովանա: Նույնիսկ խիստ զբաղված մարդիկ պետք է կարողանան անձնական կյանքի ու հանգստի համար ժամանակ գտնել:

Ծուլության տեսակները
Ծուլությունը կարող է ազգեր ու ժողովուրդներ ծնկի բերել:
Շատերն էլ վստահաբար հայտնում են, որ ծուլությունն է առաջընթացի ամենահզոր շարժիչը: Ծուլությունը նենգ է ու բազում անվանումներ ունի: Դրա դեմ պայքարում ենք անընդհատ, սակայն, փոփոխական հաջողությամբ: Չնայած ծուլությունը շատ դիմակներ ունի, այն դասակարգում են մի քանի տեսակների:
1. Ծուլություն, երբ պետք է ինչ-որ մեծ, նույնիսկ խիստ պատասխանատու գործ անել: Օրինակ` տարեկան հաշվետվություն կազմել կամ սեփական բնակարանը նորոգել: Եվ այդ ժամանակ փորձում եք հնարավոր պատճառաբանություններով հետաձգել կատարելիք աշխատանքը: Այդ ծուլության հետևում սովորական վախն է ու սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը: Նման դեպքերում մի քանի գործուն միջոցներ կան: Առաջին` խնդիրն այնքան սարսափելի ու հսկայական չի թվա, եթե բաժանեք մանր հատվածների, ապա կազմեք կատարման որոշակի գրաֆիկ:
2. Ձանձրալի ծուլություն: Երբեմն թվում է, թե ուժ չկա ինչ-որ բան անելու: Արդեն ամեն ինչ ասես արել եք. և՛ սուրճ եք խմել, և՛ հեռախոսով զրուցել ու նաև էլեկտրոնային փոստը ստուգել, իսկ աշխատել ոչ մի կերպ չի ստացվում: Պատճառն այն է, որ այդ աշխատանքը ձեր սրտով չէ: Եթե խիզախեք ու փոխեք աշխատանքի բնույթը, զբաղվեք սիրած գործով. ապա գուցե ամեն ինչ արմատապես փոխվի: Բավական կլինի որոշակի, հստակ նպատակներ դնել ու հնարավորության դեպքում գրառել դրանք: Անպայման ինքներդ ձեզ խրախուսեք հաջող կատարման համար, համեղ պատառ կամ հաճելի մանրուք գնեք ձեզ համար: Փորձեք ինքներդ ձեզ հետ միշտ անկեղծ լինել:
3. Թեթև ծուլություն: Հանկարծ, չգիտես ինչից, ապատիա, թուլություն ու ծուլություն է պատում: Ոտքերը առաջ չեն գնում, ձեռքերը` չեն բարձրանում: Գուցե պարզապես գերհոգնած եք և օրգանիզմը բողոքում է ավելորդ ծանրաբեռնվածության դեմ: Նման խնդիրը կարելի է լուծել ամենասովորական հանգստով ու բավարար քնով: Մի մոռացեք օրգանիզմը շփացնել վիտամիններով` բնական վիտամիններով: Երբեմն էլ խնդիրը կարող է բժշկական բնույթի լինել, ասենք` շաքարի մակարդակն է ցածր արյան մեջ, արյան ճնշումն է ընկել, անոթների ու սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Այնպես որ, եթե հոգնածությունը քրոնիկ է, ուրեմն հարկավոր է բժշկի գնալ:
4. Անկազմակերպ ծուլություն: Ձեր աշխատասեղանին թղթերի կույտ է գոյացել, աշխատանք կա, այն էլ այնքան, որ բոլոր կողմերից խեղդում է: Սակայն կարելի է մի քիչ էլ ձգձգել, մի քիչ ու այ շուտով կսկսեմ… Պարզապես պետք է գիտակցել, որ այդ ձգձգումը հետո մեծ մահակի տեսքով է իջնելու ու անձնական ժամանակից զգալի հատված է խլելու: Ոչ մի աշխատանքում սահունությունը չի խանգարի: Փորձեք հերթականությամբ գրառել` նշելով ժամանակը, թե ինչ պետք է հասցնեք կատարել մեկ օրում: Եթե ինչ-ինչ պատճառներով չեք կատարել, ապա ինքներդ ձեզ տուգանեք, առանց խնայելու, ասենք` ֆիզիկական վարժությամբ: Ի դեպ, նման պատիժը օգտակար կլինի նաև կազմվածքի համար, իսկ ձանձրույթն էլ իսկույն կչքվի:
5. Պարբերական ծուլությունն անմիջականորեն կապ ունի այն հանգամանքի հետ, թե մարդկային որ տեսակին եք պատկանում, «բո՞ւ» եք, թե՞ «արտույտ»: Լրիվ հասկանալի է, որ «բվի» համար դժվար է առավոտ կանուխ աշխատել: Ուստի հարկ է հնարավորինս համաձայնեցնել սովորությունները կյանքի փուլերի հետ: Եթե հաստատ գիտեք, թե որ տեսակին եք պատկանում, կարող եք օրը պլանավորել ձեր օգտին:

Հետաքրքիր փաստեր
Ասում են` բոլոր հանճարեղ բացահայտումները ծուլությունից են արվել: Արքիմեդը հիդրոստատիկ օրենքի մասին գլխի է ընկել լոգանք ընդունելու ժամանակ, Մենդելեևը պարբերական աղյուսակը երազում է տեսել, Էնշտեյնը դպրոցում առաջադիմությամբ հետ է մնացել, իսկ Չերչիլը մինչև կյանքի վերջը մի կարգախոս ուներ` ոչ մի սպորտ:
Օսկար Ուայլդն էլ, հումորով նշում էր. «Վաղվան մի թողնիր այն, ինչը կարելի է անել վաղը չէ մյուս օրը»:
Ծույլը նպատակին հասնելու ճանապարհին հազար ու մի միջոց կգտնի էներգիան, ժամանակն ու ֆինանսները տնտեսելու համար: Հանգստի վիճակում մարդն անջատում է ուշադրությունը, ուղեղը «թուլացնում», իսկ գիտակցությունը երբեք չի ննջում, ու նման հանգիստը ենթագիտակցական շերտերը մակերես հանելու հնարավորություն է ընձեռում: Դա կարող է գաղափար ծնել:
Ծուլությունն օգնում է ճիշտ որոշում ընդունել:
Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր: Հայտնի ասացվածքն անշտապ մարդկանց մասին է: Նրանք միշտ ժամանակ ունեն, որ աշխատանքի կատաղի ռիթմից մի կողմ քաշվեն ու իրավիճակը նորովի գնահատեն: Չափավորությունը որոշումներ ընդունելիս չի վնասում, հակառակը` օգնում է խուսափելու հափշտապ ու անիմաստ շարժումներից, նվազեցնում է դրա հետ կապված ռիսկը:
Ծուլությունը երկարացնում է կյանքը:
Որոշ մասնագետներ պնդում են` ծուլությունն օգուտ է առողջությանը: Նա, ով ծուլանալու հակում ունի, կարողանում է հանգստանալ: Ծույլերը սթրեսների հազվադեպ են ենթարկվում: Եթե մարդը չի թուլանում, ապա մնում է սթրեսային վիճակի մեջ, իսկ դա հղի է հիվանդանալու վտանգով:
Այնպես որ սովորեք թոթափել լարվածությունն ու ճիշտ բաշխել ժամանակը: Կենսական էներգիան իզուր մի վատնեք:
Ծուլությունը հուշում է, որ դուք ձե՛ր գործով չեք զբաղված:
Ծուլությունը կարող է նաև ներքին հակասության հետևանք լինել (երբ աշխատանքը սրտով չէ): Դրա հետ կապված հոգեբանական անհարմարությունը կարող է ազդարարել այն խնդրի մասին, որ կյանքում ինչ-որ բան փոխելով, ասենք` մասնագիտությունը կամ աշխատանքը, կարելի է փոխել կյանքը:
Այնպես որ ձեր ծուլությունը կարող է նաև կարիերայի լավագույն խորհրդատուն լինել: