Արտագնա աշխատանքի դառը պտուղները. գյումրեցի ընտանիքը զրկվեց հորից

download (2)Գյումրեցի շատ ընտանիքներ տարիներ ի վեր իրենց կենսական գոյությունը պահպանում են արտագնա աշխատանքից ստացած գումարներով: Այդպիսին էր նաև Հովհաննեսի ընտանիքը:

Լինելով տան հայրը՝  նա մոտ մեկուկես տասնամյակ առաջ ինքն էլ բռնեց արտագնա աշխատանք ուղին: Ընտանիքն ապրում է տնակում, երկրաշարժից տուժած է, անօթևան: Երեխաները մեծացել են, ամուսնացել՝ իրենց ընտանիքները կազմել:

Ամուսնանալուց հետո որդին ևս մեկնել էր Յակուտիա` հոր հետ արտագնա աշխատանքի: Լինում էին տարիներ, երբ ֆինանսական վիճակը թույլ չէր տալիս ընտանիքի տղամարդկանց գոնե տարեվերջին վերադառնալ տուն. աշխատած գումարը հազիվ էր բավարարում ընտանիքի գոյությունը Հայաստանում պահելու և իրենց այնտեղ ապրելու համար:

Անցած տարի՝ գարնանը, որդին վերադարձավ Գյումրի և հայտարարեց, որ այլևս չի գնալու Ռուսաստանում աշխատելու: Զրույցներից մեկի ժամանակ տեղեկացա, որ Հայաստան է վերադարձել մեջքի հիվանդության պատճառով. նրա առողջական վիճակը վատացել էր հոդերի բորբոքման հետևանքով: Ասում էր՝ ավելի լավ է այստեղ տաքսի վարի և օրական 500-1000 դրամ ունենա, քան այնտեղ իր կյանքի գնով` 1000 ռուբլի:

Հայրը շատ հազվադեպ էր լինում Հայաստանում, նախընտրում էր, որ այդ գումարով որդին վերադառնա տուն՝ փոքր երեխաներին ու կնոջը տեսության, ինքն արդեն բավական տարիք ուներ ու երեխաների կարոտին կդիմանար:

Դեկտեմբերին ընտանիքը տեղեկանում է, որ Հովհաննեսի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, բայց փող չունի, որ տուն գա: Երկար ժամանակ տարբեր դռներ թակելուց հետո որդին տոկոսով գումար է վերցնում, ուղարկում Յակուտիա և հորը տեղափոխում Գյումրի: Մոտ մեկ ամիս այստեղ գտնվելու օրերին Հովհաննեսը ոչինչ չէր ուտում, չէր շարժվում, անգամ չէր խոսում: Մի քանի օր առաջ տեղափոխեցին հիվանդանոց: Պարզվեց` «թոքերն ու սիրտը ջրի մեջ են», և ապրելու շանսեր չկան: Գիշերը Հովհաննեսը հիվանդանոցում մահացել էր:
Ահա թե ինչպես են այս և նրանց ճակատագիրն ունեցող հազարավոր ընտանիքներ կրում և շարունակում են կրել արտագնա աշխատանքի հետքերը:

Այս ընտանիքի հետ կատարվածը բացառիկ օրինակ չէ, գրեթե ամեն ամիս, իսկ երբեմն էլ ամիսը մի քանի անգամ Գյումրիում լսում ենք` այսինչը, որ աշխատանքի էր մեկնել Ռուսաստան, այնտեղ մահացել է: Մեկի մահվան պատճառ նշվում է ինֆարկտը, մյուսինը՝ քաղցկեղը, մեկ ուրիշինը՝ ինքնասպանությունը և այլն: Բայց կա նաև սրա առավել վատ շարունակությունը. նրանցից շատերի ընտանիքներն ի վիճակի չեն լինում դիակը տեղափոխել հայրենիք: Ոմանք էլ, մի քանի տարի մնալով Ռուսաստանում, այնտեղ ընտանիք են կազմում և կապերը խզում հայաստանյան ընտանիքի հետ:

Արտագնա աշխատանքն ընտանիքների համար դառնում է նաև վշտի ու կորստի պատճառ: Մինչդեռ, հայրենի կառավարությունը, հատկապես մարզերում, աշխատատեղեր ստեղծելու անգամ հեռահար գաղափարներ չունեն: Ասում են՝ հզոր պետության հիմքում առողջ ընտանիքն է, այս պարագայում ի՞նչ պետություն է Հայաստանը:

Մարիամ Խալաթյան

Tags: , ,