Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը մեկնարկել է «Ամառը փետրվարին» ֆիլմով

unnamed (2)Փետրվարի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացրին «Անկախին» Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից, միջոցառմանը ներկա էին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Երևանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Բացման արարողությունը հաջորդեց «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը հիմնված է Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին վեպի վրա:

«Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց աջակցությունը և հասարակությունում նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացումն «ԱրմենՏել» ընկերության սոցալական ռազմավարության հիմնական ուղղություններից մեկն է։ Համոզված եմ, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը ոչ միայն գեղագիտական հաճույք կպարգևի հայ հանդիսատեսին,  այլ կօգնի ինչ որ չափ լուծել հասարակությունում առկա ներառական և հաղորդակցության խնդիրները»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մեզ համար ոգևորիչ էր տեսնել փառատոնի հանդեպ նման հետաքրքրվածություն: Մենք փորձել ենք այս տարի ևս ներկայացնել Բրիտանական կինոարտադրության լավագույն նմուշները: Բրիտանական ֆիլմերի փառատոնի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ներկայացնում է միմիայն բրիտանական ֆիլմեր և փառատոնային օրերին դառնում մի հարթակ, ուր մարդիկ ոչ միայն վայելում են լավ կինո, այլև մտածում մեր հասարակությունում առկա խնդիրների մասին»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է հասարակությունում առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին: Ինչպես բացման արարողությանը նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, Հայաստանը նշանակալից առաջընթաց է գրանցել հաշմանդամություն ունեցող երեխաների համար ներառական միջավայր ստեղծելու հարցում, այսուհանդերձ դեռևս բարելավելու շատ բան կա: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի բոլոր երեխաներն՝ անկախ իրենց կարողություններից հավասար հնարավորություն ունենան ստանալու կրթություն և օգտվելու համայնքահեն և ընտանեհեն ծառայություններից: Փառատոնի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շրջանակներում կներկայացվեն ֆիլմեր և սոցիալական հոլովակներ, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին և հասարակության մեջ ներառման  գործընթացում առկա խոչընդոտներին:

Փառատոնի ընթացքում Երևանում և մարզերում կցուցադրվի ինը ֆիլմ `«Ամառը փետրվարին», «Վտանգի մեջ գտնվողներին», «Պարզամիտ Ջիմը», «Ինչպես եմ հիմա ապրում», «Ձայն կորստից հետո», «Եսասեր հսկան», «Քառյակ», «Ես շնչում եմ» և «Մետրո Մանիլա»: Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 22-ից մարտի 5-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում: Փետրվարի 28-ին ողջ օրը Սինեմա Սթար կինոթատրոնի սրահներից մեկում կցուցադրվեն փառատոնի ֆիլմերը: Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր Նաիրի կինոթատրոնում։ Գորիսում, Գյումրիում և Գավառում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: Նշենք որ Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հ2 հեռուստաընկերությունը, Դար 21, Լայմ, Երկիր Մեդիա, Շողակաթ հեռուստաընկերությունները, Սիվիլնեթը, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, FM 105.5, ArmRadio FM 107-ը և Bravo.am-ը, imyerevan.com-ը, emporium.am-ը:

Անկախ

Tags: ,