«Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ 2001-ին առաջինը Հայաստանում սկսեց ներառական կրթության ծրագիրը: Այս փորձը դարձավ այն հիմքը, որի վրա երկրում մշակվեցին ներառական կրթության քաղաքականությունը, օրենքը և ռազմավարությունը:
archive2.ankakh.com-ի հետ զրույցում ուսուցչուհի Աննա Սարգյանի համոզմամբ ներառական կրթությունը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար: Այն պետք է ենթադրի կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:
Ուսուցչուհու պնդմամբ ներառական կրթության համընդհանուր գաղափարի ստեղծումը սխալ է: Ամեն մի հասարակություն ինքը պիտի մշակի և իրագործի սեփական գաղափարները: Նրա խոսքով ներառական կրթության իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը հենվում են իրավահավասարության գաղափարի վրա եւ եթե մենք դա անում ենք ելնելով խղճահարությունից կամ բարեգործական մղումներից, երբեք չենք կարող անհրաժեշտ արդյունքի հասնել:
Դպրոցում երեխաներին միմյանցից առանձնացնելու օրինական հիմքեր չկան: Երեխաները պետք է սովորեն միասին, դա օգտակար կլինի բոլորի համար: Պետք չէ նրանց պաշտպանել միմյանցից: Բոլոր երեխաները պետք է կրթություն, որը կօգնի նրանց հարաբերություներ հաստատել և պատրաստվել կյանքին հասարակության մեջ: Միայն ներառական մոտեցումը կարող է նվազեցնել վախը և նպաստել բարեկամության, հարգանքի ու փոխըմբռնման հաստատմանը:
Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որն արդեն ունի ներառական կրթության փորձը և այն դարձրել է պետական քաղաքականության կարևոր մասը: Մեր հանրապետությունում գործում է 60 ներառական դպրոց Երևանում և մարզերում, որտեղ սովորում է կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մոտ 1455 երեխա:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Աննա Սարգյան, ներառական կրթություն