Խորհրդարանում քննարկվում է գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը

ազգային-ժողովԽորհրդարանում քննարկվում է «Գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման մասին» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը ներկայացրել էին ԱԺ կոալիցիոն խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:

Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ գազամատակարարման ոլորտն իրենց համար էլ է ծայրահեղ կարևոր, հատկապես, որ խնդիրն առավել արդիական դարձավ անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրից հետո: Նա հիշեցրեց, որ Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունները նախ ներկայացրեցին առաջարկ նման հանձնաժողով ստեղծելու, սակայն առաջարկը մերժվեց, բայց ոչ ամենևին այն պատճառով, որ խնդիրներն չկան, այլ որովհետև շատ հարցեր չափազանց նուրբ քաղաքական ենթատեքստ ունեն. «Որպեսզի քաղաքական շահարկումների առիթ չլինի, մենք առաջարկեցինք ավելի հավասարակշռված մոտեցում, ավելի պատասխանատու մոտեցում: Այն հարցերը, որ ներկայացվել էին ընդդիմության կողմից, շատ նեղ էին, և պետք է ավելի լայն ձևով այդ հարցերը քննարկել»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա ներկայացրեց, թե կոալիցիան այս հանձնաժողովի միջոցով ինչ հարցեր է առաջարկում քննարկել: Առաջինը սպառողների շահերի պաշտպանությանը նվիրված հարցերն են՝ բնական գազի ջերմատվությունը, գազի հաշվիչների ստուգաչափման գործընթացը, կորուստների հիմնավորվածությունը և այլն:

Երկրորդ հարցը գազի դիմաց կուտակված պարտք է. «Ընդ որում մեր առաջարկած ձևակերպումը շատ ավելի ճիշտ ձևակերպում է՝ պարտքի ձևավորման օրինականությունը, ինչպես նաև չափի հիմնավորվածությունը»,-նշեց նա:

Երրորդը «ՀայՌուսգազարդ»-ի օտարված բաժնեմասի գնահատվածության հարցն է: Չորրորդ հարցը վերաբերում է բնական գազի այլընտրանքային ներկրմանը, թե ինչպիսի՞ հնարավորւթյուններ կան, ի՞նչ սահմանափակումներ և այլն:

Հինգերորդ հարցը վերաբերում է ոչ թե Հայաստանի Հանրապետության հնարավորությունները որպես տարանցիկ երկիր օգտագործելուն, թե ինչ հնարավորւթյուններ և ինչ արգելքներ կան:

Հաջորդ հարցերը վերաբերում են գազի գնին՝ սահմանին գնվող գնի հետ կապված և քաղաքացուն հասնող սակագնի ձևավորման հետ կապված:

Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովի նիստերն առաջարկվում է անցկացնել դռնփակ: «Մեր նպատակը քաղաքական դեբատները չեն, սա շատ զգայուն հարց է և ինքնանպատակ չէ: Մեր նպատակը պետք է լինի, թե ինչպիսի քայլեր ԱԺ-ն պետք է կատարի, ինչ հացեր բարձրացնի կառավարության մոտ, որպեսզի բարելավվի իրավիճակը: Երբ մենք ունենք լայն լսարան, միշտ չէ, որ մենք ուշադրությունը դարձնում ենք բովանդակային ծանր հատվածին, այլ առավել շատ ներկայացնում ենք մեր քաղաքական դիրքորոշումները»:

Նա նաև ասաց, որ իշխանական և ընդդիմադիր ուժերը պետք է հավասարապես ներկայացված լինեն այս հանձնաժողովում:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, սակայն, իր հերթին առաջարկեց փակ նիստեր անել միայն անհրաժեշտության դեպքում՝ որոշում կայացնելով, իսկ մնացած դեպքում՝ անել բաց, ինչը սակայն Հարությունյանը չընդունեց՝ ասելով. «Նիստերը հրապարակային անցկացնելու առաջարկը չեմ կարող ընդունել:  Լրագրողներ են, բոլորս ուզում ենք մեզ ցույց տալ, ինչը շատ բնական է…երբ անհրաժեշտություն լինի, մենք կգանք համաձայնության նիստը բաց անելու»,-ասաց նա:

 

Անկախ

Tags: , ,