Մաքսային միությանն անդամակցելուց հետո գնաճ առաջանա, թե ոչ, ԿԲ-ն և Կառավարությունը գնաճը կառավարելու են 4 %-ի սահմաններում

նյութի նկար2014-ին գնաճի կանխատեսումները հավանական բաշխմամբ են ներկայացվում, քանի որ տարվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են գնաճի կանխատեսման հետագիծը շեղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրից` տեղեկացրեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Անդրադառնալով Մաքսային Միությանն անդամակցության հետևանքով մաքսատուրքերի հնարավոր փոփոխություններին` Արթուր Ստեփանյանը նշեց, որ  Մաքսային Միությանն անդամակցելու գործընթացը դեռևս շարունակվում է, բանակցային փուլում է այն ապրանքատեսակների ցանկը, որոնց մաքսատուրքերը հնարավոր է բարձրանան:

«Մաքսային միությանը միանալու պահին չի ենթադրվում, որ Հայաստանի մաքսատուրքերը կհամապատասխանեն Մաքսային Միության մաքսատուրքերին: Այստեղ դեռևս անորոշ է, թե որքա՞ն հավելյալ գնաճ կարող է առաջանալ: Այնուամենայնիվ, գնաճ կառաջանա, թե ոչ, Կենտրոնական բանկի և Կառավարության գնաճի թիրախը Հայաստանի համար 4 % է սահմանել, և գնաճը կառավարվելու է այս մակարդակում»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

Հարցին` ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուբլու արժեզրկումը մեր ազգային արժույթի վրա` ԿԲ խորհրդի անդամը պատասխանեց, որ շատ զարգացող երկրներ տնտեսական աճի տեմպերի թուլացում են ունենում, և նրանց արժույթները արժեզրկվում են հինական արժույթների համեմատ: Այս առումով ԿԲ-ն մոնիտորինգի տակ է պահում այն զարգացումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա:

«Դեռևս հունվարի վերջի և փետրվարի առաջին կեսի տվյալներով` բացասական առումով փոփոխություն չկա: Միակ բացասական բանը, թերևս, մեր փոխարժեքի արժեզրկումն է, ինչը վճարային հաշվեկշռի սեզոնայնությամբ պայմանավորված` մշտապես այդ ամիսներին հանդիպող երևույթ է: Այն մի փոքր ավելացել է ռուբլու արժեզրկման ֆոնին: Այստեղ որևէ արտառոց երևույթ դեռևս չկա»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

 Անկախ

Tags: , ,