Դրական են համարվում կյանքում տեղի ունեցած դրական և հաճելի փոփոխությունները

սթրես«Սթրես» բառը շրջանառության մեջ է մտել 19-րդ դարից և մինչ օրս առօրեական խոսքի մեջ գործածվում է իր բացասական իմաստով։ Սթրես եզրը գիտական աշխարհում առաջին անգամ գործածել է Ու. Քենոնը։ Այս բառը   նշանակում է «ճնշում», «լարվածություն»։

Սթրեսը օրգանիզմի ոչ յուրահատուկ պատասխանն է, ռեակցիան միջավայրի ցանկացած փոփոխության (յուրահատուկ ազդակներին)։ Օրգանիզմը պատասխան ռեակցիաներ է տալիս ներքին և արտաքին ազդեցություններին, որոնց վերջնական նպատակը միջավայրի պայմաններին հարմարվելն է:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում նյարդաբան Մարինե Սահակյանի խոսքով սթրես առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմի վրա սկսում է ազդել  սթրես առաջացնող ազդակը։ Այս փուլում օրգանիզմը փոխում է իր բնութագիրը, վերափոխում է ներքին ռեակցիաները, գործընթացները։ Նյարդաբանի համոզմամբ սթրես առաջացնող ազդակնենրը   կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ` բացասական: Դրական են համարվում կյանքում տեղի ունեցած դրական և հաճելի փոփոխությունները, որոնք անհատի համար մեծ արժեք ունեն, իսկ բացասական` առօրյա զանազան դժվարությունները, առողջական խնդիրները և այլն:

Սթրեսն ունի և́ ֆիզիոլոգիական, և́ հոգեբանական կողմեր: Այդ  իսկ պատճառով  սթրեսի  հաղթահարման  գործընթացում անհրաժեշտ է նախ ճշտել վերջինիս պատճառը, այնուհետև ընտրել հաղթահարման համար առավել նպատակահարմար ճանապարհը:

Սթրեսի առաջացման հիմնական պատճառները կարող են լինել անելանելի վիճակները, առօրեական խնդիրները, արգելքները, աղմուկը, միօրինակ կամ լարված աշխատանքը, մշտական մեղադրանքները, ինքնաքննադատությունը եվ ինքնադատապարտումը, ֆինանսական բարդություններ, ուժեղ էմոցիաները, վեճերը, կյանքի տեմպի և իրավիճակների անընդմեջ փոփոխությունները:

Նյարդաբանի պնդմամբ սթրեսի ավելի շատ հակված են ցածր ինքնագնահատական ունեցող անձինք, նևրոտիկները, դեռահասները, բարձր ճնշման տակ աշխատող անձինք: Սթրեսից դուրս գալու համար անհրաժեշտ է ընդունել խոտաբույսերով բնական հանգստացնող պատրաստուկներ, անընդհատ մաքուր օդին զբոսնել, ջրային պրոցեդուրաներ ընդունել, կոփել օրգանիզմը, հանգստանալ, լիցքաթափվել եւ վերջապս զբաղվել սիրած գործով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: , ,