Ովքե՞ր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների տերերը

Անահիտ-ԲախշյանԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տարածել է խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրությունը, որտեղ նա անդրադառնում է Երևանի մանկապարտեզներում սննդի որակին: Բախշյանը գրում է.

«Վերջերս  շատ խոսեցինք այն մասին, որ  2014թ. հունվարի 13-17-ն ընկած  ժամանակահատվածում մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակը ստուգելու և ժամկետանց սննդամթերքի օգտագործումը բացառելու նպատակով  քաղաքապետի հանձնարարականով ստուգայցեր են  իրականացվել Երևանի 5 վարչական շրջանների 21 մանկապարտեզներում,  և  տարբեր պատճառներով 38 անգամ մանկապարտեզներից սնունդը ետ է վերադարձվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժնի պետը հրապարակավ հայտարարեց, որ մթերքների՝ մանկապարտեզներից ետ վերադարձնելու պատճառը նրանց ժամկետանց կամ անորակ լինելը չէ: Քաղաքապետարանի վերահսկողության վարչության  պետ պարոն Սիմոնյանն իմ երկրորդ հարցմանն այն մասին, թե որոնք են եղել սննդամթերքը ետ վերադարձնելու պատճառները, տրամադրեց երկրորդ տեղեկանքը: Միևնույն հարցի մասին առաջին և երկրորոդ տեղեկանքներում ներկայացված տեղեկատվությունները տարբեր են: Առաջինում գրված է, որ վերոնշյալ նպատակով ստուգայցեր են կատարվել Երևանի 5 շրջանների 21 մանկապարտեզներում, իսկ երկրորդի մեջ նշված են  3 վարչական շրջանների 22 մանկապարտեզներ, որտեղից 38 անգամ տարբեր պատճառներով սննդամթերքը վերադարձվել է: Երկրորդ տեղեկանքից պարզ դարձավ, թե ովքեր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունները: Տավարի միս մատակարարում են  «Հալալ միս» ՍՊԸ, «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները, որոնք միսը մատակարարել են պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված վիճակում և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել, ու այդ պատճառով միսը ետ է վերադարձվել: Հիշենք, որ «Սուր անկյուն»  հաղորդման ժամանակ մանկապարտեզներից մեկի խոհարարն ասաց, որ միսը վերադարձրել է, որովհետև  տեսքը լավ չի եղել: Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում մսի տեսքի լավ չլինելը: Մանկապարտեզներին  կարագ   ու  կաթնամթերք   են  մատակարարում հետևյալ ընկերությունները`  «Հայկազունք» ՍՊԸ-ն, «Անանո» ՍՊԸ-ն, «Տիսա» ՓԲԸ-ն, որոնց մատակարարած  կարագը 20-25 կգ տարայով չի եղել և չի համապատասխանել  տեխբնութագրով սահմանված պայմանին, մածունը 500 գրամ տարայի փոխարեն մատակարարվել է 1լ տարայով, կաթնաշոռը նույնպես հերմետիկ փաթեթավորված չի եղել: Բանջարեղեն, մրգահյութ, ձավարեղեն, ջեմ մատակարարող ընկերություններն են`  «Անանո»  ՍՊԸ-ն և «Հայկազունք» ՍՊԸ-ն, որոնց մատակարարած  խառը կանաչու կապի պարունակությունը փոքր է եղել նախատեսվածից, ոսպը մաքուր չի եղել, հնդկաձավարի հատիկները 97 տոկոսից պակաս է եղել, կարտոֆիլը տեխբնութագրով նախատեսված չափերին չի համապատասխանել, բազուկի տրամագիծը նախատեսված  5-14 սմ-ից  փոքր է եղել, ջեմի պիտանելիության ժամկետը հստակ չի երևացել, մրգահյութը ապակե տարաների փոխարեն մատակարարվել է ստվարաթղթե տուփերով: Վերոնշյալ վարչական շրջանների  ստուգայցի ենթարկված մանկապարտեզներում  հավի կրծքամսի մատակարարը «Անանո» ՍՊԸ-ն է, և ապրանքը մատակարարել է խորը սառեցված վիճակում` նախատեսված պաղեցրածի փոխարեն: Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում հացամթերքի մատակարարը  Ա/Ձ Հրայր Հարությունյանն է, իսկ Դավթաշենում «Հեփի ֆուդ» ՍՊԸ-ն: Նույն «Սուր անկյուն»  հաղորդման ժամանակ կշռվեց  հացը, որի քաշը շատ պակաս էր: Այսպիսով՝ այս տեղեկանքի համաձայն՝ իսկապես կասկածի տակ է դրվում Երևանի 22 մանկապարտեզներից 38 անգամ վերադարձված սննդամթերքի որակն ու ժամկետանց չլինելը: Նշեմ, որ Երևանի քաղաքապետի՝ հունվարի 20-ին հաջորդող   աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ վերահսկողության պետի տեղակալը զեկուցեց, որ շարունակվող ստուգայցերի ժամանակ մանկապարտեզներից սնունդ չի վերադարձվել: Իհարկե լավ է, որ ստուգայցը տվեց իր ցանկալի արդյունքը և քաղաքապետը խստորեն դատապարտեց երեխաների սննդի որակին պատշաճ չհետևողներին, բայց վախենում եմ, որ նրանց լռեցրեցին մատակարարող կազմակերպությունների տանիք հանդիսացող պաշտոնյաները: Տա Աստված` սխալվեմ»:

 

 

 

Tags: , ,