Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեկնաբանելով Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ամենակարևորն այն է, թե ուկրաինական ընդդիմությունն ինչպե՞ս կկարողանա մեղմել կրքերն ու անցնել պետական ինստիտուտների ձևավորմանը, մանավանդ որ հիմա հասարակության պահանջներն ավելի շատ են:
Քաղաքագետի խոսքով` ուկրաինական ընդդիմությունն առ այսօր ընդգծված առաջնորդ չուներ, մրցակցությունն այստեղ սկսել է իրեն զգացնել տալ: Երկրորդ կարևոր խնդիրն էլ այն է, որ Վիկտոր Յանուկովիչի հարցը դեռ պարզված չէ, թեև նրա կուսակցությունն այլևս չի սատարում վերջինիս:
«Սա նշանակում է, որ հեղաշրջման իրավական ձևակերպումները դեռ մինչև վերջ տրված չեն: Իմ կածիքով` գերտերությունների միջամտությունը ներքաղաքական զարգացումներին տեղի է տալիս: Ամեն ինչ կախված է նրանից, թե ընդդիմությունը որքանո՞վ կարող է ճիշտ ու միասնական հանդես գալ պետության ռեսուրսները վերաբաշխելու գործում, և կկարողանան նրանք խուսափել ծայրահեղ հակառուսական տրամադրություններից, ինչը կարող է սպառնալիք դառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ քաղաքագետի` Ռուսաստանը երկու պատճառով ցավագին ընդունեց Ուկրաինայի որոշումը և հայտարարեց, որ չի ճանաչում ուկրաինական նոր զինված իշխանություններին: Առաջինը` Ռուսաստանը տեսավ, որ Մաքսային միության դեմ բողոքի զանգվածը մեծ արդյունք տվեց, իսկ դա մեծ հարված էր Մաքսային Միության վարկանիշին, և երկրորդը` այս ամենը տեղի ունեցավ օլիպիական խաղերի ժամանակ, իսկ նրանք շատ ջանք ու գումար էին ծախսել օլիմպիական խաղերի վրա, որոնք ստվերում մնացին ուկրաինական դեպքերի պատճառով:
«Չնայած Ռուսաստանը հասկանում է, որ պառակտելով Ուկրաինան, կկորցնի ազդեցության ոլորտն այդ տարածաշրջանում, բայց ռեալ քայլեր չի անում»,- ասաց քաղաքագետը:
Tags: Հրանտ Մելիք-Շահնազարյան, Ուկրաինա, ռուսաստան