Ինչպե՞ս է կանոնակարգվում հերքման և պատասխանի իրավունքը ԶԼՄ-ներում

իրավունք«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:Հերքման պահանջը կարող է ներկայացվել 1-ամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:

Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:
Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով:
Հերքումն իրականացվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:
Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով: Պատասխանը չպետք է հակասի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ:
Պատասխանի ծավալը չպետք է գերազանցի պատասխանի առարկա տեղեկատվության ծավալը: Եթե պատասխանի առարկա տեղեկատվությունը բազմաբովանդակ նյութի ամբողջ ծավալից հստակ սահմանազատվող ինքնուրույն, առանձին հատված է, ապա պատասխանի ծավալը չպետք է գերազանցի այդ հատվածի ծավալը:
Պատասխանը հրապարակվում է անվճար:
Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Tags: ,