Ահարոն Ադիբեկյանը «Նաիրտի» փակման մեղքը Ղարաբաղ կոմիտեինն է համարում

Ահարոն Ադիբեկյան«Նաիրիտի» վերբացելը բավականին մեծ խնդիր է, որովհետև հումքը շատ թանկ է: Խնդիրը նաև գազի գինն է, ու քանի որ Ռուսաստանն է վերցնում իր վրա վերաբացելու հարցը, գուցե գազի գինը նվազեցնի, և կաուչուկ արտադրելը շահավետ դառնա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Այս առումով Ահարոն Ադիբեկյանը խելամիտ քայլ է համարում ՀՀ կառավարության ղեկավարի «Ռուսնևթի» հետ կնքած պայմանագիրը:

«Լավ է, որ մենք մեր մասնագետներին չենք կորցրել: Այդ 600 աշխատակիցներն այստեղ են: Եթե այս նախագիծն  իրականություն դառնա, մենք կունենանք աշխատատեղեր, և արդյունաբերությունը կաշխատի: Մնում է ռուսները գիտակցեն, որ քաղաքական ու ռազմավարական առումով «Նաիրիտը» կարևոր գործարան է»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով` մենք երկու ձեռքով պետք է կողմ լինենք «Ռուսնևթի» հետ կնքած համաձայնագրին, նույնիսկ հարկային արտոնություններ տանք, որ նրանք կարողանան աշխատեցնել:

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանը չեն կարողանում նման քիմիական գործարանն այնպես աշխատեցնել, որ պայթյուններ չլինեն: Միայն հայերն են կարողանում նման գործարան շահագործել, գաղտնիք է, ոչ մեկին չեն ասում»,-ասում է Ահարոն Ադիբեկյանը:

Հարցին` արդյո՞ք ամբողջ հզորությամբ կաշխատի գործարանը, և ի՞նչ կլինի այսօրվա աշխատակիցների 15 ամսվա աշխատավարձերի հետ, սոցիոլոգը պատասխանեց. «Պետք է պայմանագրի մեջ լինի պարտքը փակելու պահանջը: Այսօր դժվար է որոշել, թե քանի  մարդ կաշխատի, քանիսը ոչ, որովհետև այդ ամենը կախված է շուկայի պայմաններից»: Ահարոն Ադիբեկյանը «Նաիրտի» փակման մեղքը Ղարաբաղ կոմիտեինն է համարում: «Երբ խոսք գնաց փակելու մասին, Նիկոլայ Ռիժկովն ասաց՝ ինչ ուզում եք արեք, բայց «Նաիրիտը» մի փակեք: Բայց Ղարաբաղ կոմիտեն լծվել էր մեր տունը քանդելուն ու փակում էր բոլոր ռազմավարական օբյեկտները: Իսկ մինչ այդ քիմիան շատ զարգացած էր Հայաստանում, մենք առաջին արհեստական կաուչուկ արտադրողն էինք Խորհրդային Միությունում»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:

 

Tags: , ,