Երկրի երեսից իսպառ վերացան ազնիվ եղջերուն, քարայծյամը

imagesՈրսորդությունը մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է: Հնում որսորդությունը (նաև որսի սպառումը) կոլեկտիվ բնույթի էր և սովորաբար զուգակցվում էր հավաքչության, ձկնորսության, ավելի ուշ՝ երկրագործության ու անասնապահության հետ: Որսորդության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել նետ ու աղեղի գյուտը. մինչև հրազենի երևան գալը այն եղել է որսորդության հիմնական զենքը: Նոր քարի դարաշրջանից որսորդության համար օգտագործել են շներ, հետագայում՝ նաև ձիեր, որսկան թռչուններ, խայծեր և այլն:

Հայաստանում որսորդության լայն տարածման մասին վկայում են նոր քարի և բրոնզի դարաշրջանների` որսի տեսարաններով ժայռապատկերներ, հազարամյակների առարկաներն ու որմնանկարները: Հին Հայաստանում, բնական որսատեղերից բացի, ստեղծվել են որսի կենդանիներով ու թռչուններով հարուստ արքունի և իշխանական որսատեղեր:

ՙՙԱրդյունագործական որսորդությունը մարդու արտադրական գործունեությունն է, որի նպատակը բնակչության համար միս, մորթի, փետուր, աղվափետուր ստանալն է: Սիրողական կամ սպորտային որսորդությունը ունի գեղագիտական և մարզական նշանակություն: Գիտական որսորդությամբ զբաղվում են գիտական աշխատողները, որսագետները և որսորդները՝  նպատակ ունենալով ուսումնասիրել որսարդյունագործական կենդանիներին ու թռչուններին, վայրի կենդանիների հիվանդությունները, կենսաբանությունը, էկոլոգիան և այլն՚՚,-այսօր archive2.ankakh.com -ի հետ զրույցում նշեց որսորդ Ռազմիկ Շահինյանը:

Նրա խոսքով ՀՀ-ում թույլատրված որսի կենդանատեսակներից են եվրոպական այծյամը, վայրի խոզը, լուսանը, գորշուկը, շնագայլը, նապաստակը, մոխրագույն կաքավը, լորը, անդրկովկասյան փասիանը և այլն:  Այս ամենի հետ մեկտեղ ցավալի իրողությունն այն է, որ որսի կենդանիների եւ թռչունների քանակով արդեն իսկ չափազանց աղքատացած մեր հանրապետությունում թեպետեւ կան որսի ժամկետների, քանակի վերաբերյալ օրենքներ ու կանոններ, սակայն դրանց պահանջները գործնականում անբավարար են իրականացվում:
Որսում են նաեւ Կարմիր գրքի մեջ մտած, այսինքն՝ պետականորեն պահպանության տակ վերցված վայրի շնչավորների: 20-րդ դարի կեսերին մեր երկրի երեսից իսպառ վերացան ազնիվ եղջերուն, քարայծյամը, ներմուծված բծավոր եղջերուն:

Որսորդի համոզմամբ այս ամենը կարելի է կանխարգելել միայն /Կենդանական աշխարհի մասին/ ՀՀ օրենքի լրիվ և անկողմնակալ կենսագործվելու պարագայում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: , ,