ՙՙԲարեկենդան՚՚ բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:
Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:
Այսօր Կոմիտասի այգում կազմակերպված տոնական միջոցառման մասնակից Լիանա Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հին, ազգային, ավանդական տոների կարեւորության մասին չպետք է մոռանալ.
ՙՙՀայերը քեֆ անող ժողովուրդ են, ուրախություն, երջանիկ ժպիտներ ու գույներ է այսօր մեր երկրին պակասում: Պետք է լինել ավելի ակտիվ, լուսավոր, պայծառ, դրական, կյանքն այդ կերպ ավելի հետաքրքիր ու թեթեւ է դառնում՚՚:
Հնում տոնից երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:
Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշվում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։
Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: բաեկենդան