Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի փետրվարին. Ռազմինֆո

Հայաստան-ԱդրբեջանՌազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 5 զոհի և 5 վիրավորի մասին։

2014-ի փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հայտարարել է 5 զոհի մասին: Ընդ որում, եթե համեմատենք այս թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա զոհերի թիվը նվազել է 44.4 տոկոսով:

2014-ի փետրվարին, ինչպես և 2013-ի փետրվարին, հայտարարվել է առաջնագծում մարտական 2 կորստի մասին, երկուսն էլ՝ «հայկական գնդակից». պայմանագրային զինծառայող Էշգին Ֆիրադին օղլու Գուլիևը սպանվել է փետրվարի 7-ին, իսկ կրտսեր սերժանտ Նոհբալաև Քերեմ Շահին օղլուն՝ փետրվարի 26-ին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուսին էլ հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով:

Մնացյալ 3 ոչ մարտական զոհերից 2-ը, համաձայն ադրբեջանական կողմի վարկածի, փետրվարի 26-ին ողջ-ողջ այրվել են Թովուզի շրջանում ավտովթարի հետևանքով բոցավառված «Մերսեդես» ավտոմեքենայում: Զոհերից մյուսն էլ Ադրբեջանի ԶՈւ մայոր Բեքիր Ռահիմովն է, որի՝ Բաքվում տեղակայված ԶՈւ  գլխավոր կլինիկական հոսպիտալում մահանալու մասին հայտնի է դարձել փետրվարի 16-ին: Մայորի մահվան տեղեկությունն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, սակայն մինչ օրս մահվան պատճառների անգամ նախնական վարկած չի ներկայացրել:

Նշենք, որ 2014-ի փետրվարի 5 կորուստներն էլ պաշտոնապես հաստատվել են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից:

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի վիրավորներին, ապա 2014-ի փետրվարին դրանք 5-ն են: Եթե զուգահեռներ անցկացնենք 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա վիրավորների թիվը չի փոխվել:

Փետրվարին հայտարարված 5 վիրավորներից 1-ը տուժել է Բաքու-Ղուբա ճանապարհին ավտովթարից, 2-ը՝ զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով, 1-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ականի պայթյունի հետևանքով: Միջադեպերից 1-ը գրանցվել է Նախիջևանում, 1-ի վայրը չի հաղորդվել, 1-ն արձանագրվել է Գանձակի զորամասերից մեկում, 1-ը՝ առաջնագծում (Առավել մանրամասն կարդացեք Ռազմինֆոյում):

Ըստ Ռազմինֆոյի` Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի փետրվարի 1-ից 28-ն ունեցել է 1 զոհ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 2-ով։

2014 թվականի փետրվար ամսվա միակ կորուստը ոչ մարտական է:

Փետրվարի 12-ին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 1995 թվականին ծնված զինծառայող Արշակ Զադայանը: Ավելի վաղ զինծառայողը հոսպիտալ էր տեղափոխվել սուր թոքաբորբ ախտորոշմամբ:

Զինծառայողը Գորիսից էր, բանակ էր զորակոչվել անցյալ տարվա գարնանը։ Ծառայում էր Արարատի զորամասերից մեկում։

Նշենք, որ Արշակ Զադայան մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն է՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից Ռազմինֆոյին հայտնել են, որ դեռևս ձերբակալվածներ չկան։

2014 թվականի փետրվարին  թե Պաշտպանության բանակը, թե Պաշտպանության նախարարությունը զինված ուժերում վիրավորի մասին չի հայտարարել (Առավել մանրամասն կարդացեք Ռազմինֆոյում):

Tags: , ,