Գյումրին անցել է ցեխի ու ջրի տակ. բոլորն անմե՞ղ են

գյումրիԳյումրին արդեն օրեր շարունակ հայտնվել է ցեխի ու հալոցքաջրերի տակ:  Թաղամասեր ու երկրորդական, երրորդական փողոցներ կան, որոնց բնակիչները փողոցների անանցելիության պատճառով փակվել են տներում: Նույնիսկ մեքենաների համար անչափ դժվար է երթևեկությունը, տաքսիներն ու անգամ շտապօգնության մեքենան հրաժարվում են մտնել այդ փողոցներ: Հենց այս խնդրի շուրջ այսօր քննարկում էր հրավիրվել Գյումրու քաղաքապետարանում:

Քանի որ որպես  հիմնական պատճառ նշվում է ջրմուղի ջրագծերի անցկացման համար նախորդ տարի փորված փոսերը,  ներկա էին բոլոր պատասխանատու կողմերը՝ ջրմուղի տնօրենը, շինարարությունն իրականացնող երկու ընկերություններն ու նրանց վերահսկող ծառայությունը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն  սկսելով հանդիպումը նշեց. «Քաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրմուղի պատճառով: Հարգելի պատվիրատուներ, այսինքն՝ ջրմուղի ներկայացուցիչներ և հարգելի կատարողներ, ովքեր մրցույթը շահել են, ի՞նչն է պատճառը: Մեր այն փողոցներում, որտեղ ասֆալտապատում չկա, ջրի խողովակների անցկացումից հետո չի արվել համապատասխան աշխատանք: Հիմա ի՞նչ պետք է անենք այս իրավիճակից դուրս գալու համար: Մարդիկ չեն կարող երեխաներին դպրոց ուղարկել… Կա նաև ցանկը, թե որ փողոցներն ինչպիսի վիճակում են: Ես, որպես քաղաքապետ, շատ անհանգստացած եմ այս վիճակով: Տեսեք, նախորդ տարի ասֆալտապատում կատարեցինք, այսօր այդ փողոցներում շատ քիչ փոսեր են գոյացել, որտեղ էլ գոյացել են, փորձում ենք շատ արագ փոսանորոգում կատարել մեր ուժերով, խճապատել, այսինքն, էնպես արեցինք, որ կենտրոնական փողոցներում ցնցումներ չլինեն: Բայց, տեսեք, Գորկու փողոցը փորվեց երկու կողմից, և այնպես է ստացվել, որ այդ ամբողջ ցեխը եկել, Խաղաղության օղակ է հասել: Երեկ չէ առաջին օրը միայն այդտեղից մի մեքենա ցեխ ենք հանել»:
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանը համաձայն չէ հնչեցված գնահատականի հետ, թե ջրմուղն է մեղավոր. «Չգիտեմ ինչու, ջրմուղի անունը շատ է շահարկվում. ջրմուղը քանդեց, ջրմուղն  ավերեց: Ջրմուղը, բնականաբար, չի քանդել, չի ավերել, ընդամենը պատվիրատուն է և դրանով ավարտվում է ջրմուղի ֆունկցիան: Վերահսկողության բոլոր տեսակի գործառույթները վերապահված են «ԳԻՏԵԿ» խորհրդատվական ընկերությանը: Ես ուզում եմ ոչ թե պատասխանատվությունը մեզանից հեռացնել, այլ կոնկրետ հասցեատերերին նշել, ովքեր մեղավոր են այս վիճակի համար: Մեր ձեռքերը բավականին կարճ են շինարարին ուղիղ հանձնարարական տալու համար»: Քաղաքապետը զարմանում է, թե ինչպես կարելի է 70 մլն եվրո արժեցող ծրագիրն այսպիսի ընթացք ունենա, այդ բացը չհամարելով գումարի խնդիր:
Խնդրի շուրջ «ԳԻՏԵԿ» խորհրդատվական կազմակերպության գլխավոր ինժեների մշտական ներկայացուցիչ Դենի Հազեբրուքը նշեց. «Բնականաբար, երբ քաղաքում այսպիսի ծրագրեր ենք անցկացնում,  անհարմարություններն անխուսափելի են: Մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել խրամուղիների փորման աշխատանքներից հետո մինչև բարեկարգում ընկած ինտերվալը, բայց միշտ չէ որ հաջողվում է: Հետո՝ եղանակային պայմանները, երբ արդեն գետինը սկսում է սառել, դա ավելի է վատացնում վիճակը»: Իսկ քաղաքապետի ճշգրտող հարցին, թե եթե Եվրոպայում այսպիսի վիճակ լիներ,  կհանդուրժեի՞ք, ի՞նչ կանեիք, ֆրանսիացի պաշտոնյան նշեց. «Իհարկե, եթե այսպիսի խնդիրներ առաջանում են, բնակիչները, բնականաբար, արձագանքում են, այս դեպքում մենք պետք է կապալառուներին մոբիլիզացնենք հարցը հնարավորինս արագ լուծելու համար»:
Պատասխանոտւներն ասում են, թե ստեղծված վիճակի պատճառն այն է, որ քաղաքը գրունտային ջրերի վրա է հիմնված, որն էլ հողը վեր է բարձրացնում:

Սակայն քաղաքապետն այս առումով ասում է. «Խիճն օգուտ տալիս է, խիճը կավահող չէ: Քանի որ մենք արդեն մեկ տարի աշխատում ենք, լավ ուսումնասիրել ենք. երբ փորվում է՝ հող են լցնում, վերջին հատվածը՝ խիճ, պետք է այդ հողային, կավաշերտը հեռացվի: Եթե խիճ է լինում, միայն այդ հատվածում է հնարավոր մի քիչ բարձրանա, ոչ թե ամբողջ փողոցով կավահողը տարածվի: Որովհետև ոչ մի խիճ լցված չի եղել, այ սա է պատճառը: Մենք գծի հետևի Նորավանում գրունտային ջրեր չունենք: Գրունտային ջուր հիմնականում ունենք՝ քյարիզների հետ կաված, քաղաքի կենտրոնական հատվածում: Երևանյան խճուղում ի՞նչ գրունտային ջրերի մասին է խոսքը»:
Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն էլ «ԳԻՏԵԿ»-ի ներկայացուցչին մի քանի անպատասխան հարցեր ուղղեց, թե արդյո՞ք նա տեղյակ է, որ տոպանում ընդհանրապես չի կատարվում, հետլիցքից հետո չի հավաքվել և տեղափոխվել ամբողջ փողոցի հողի շերտը. «Օրինակ, Գորկու փողոցը, որը երկու կողմից փորեցին: Ազգաբնակչությունը կփաստի, որ մենք այդ փողոցը քիչ թե շատ նորմալ տեսքի էինք բերել, այսօր գնացեք տեսեք փողոցի վիճակը: Դա ձեր աշխատանքի ամենամեծ թերացումն է և ձեր կողմից չկատարված վերահսկողության արդյունք: Հարկավոր է ամբողջ տեխնոլագիան պահպանել՝ և՛ փորման, և՛ հետլիցքի, և՛ բարեկարգման. վերջին հաշվով ձեր ծրագրում պայմանագրով կետ կա, որ դուք պարտավոր եք ինչպիսի վիճակում ընդունել եք փողոցը, այնպես էլ վերադարձնել քաղաքին: Մենք չենք ասում գնացեք մեր փողոցները սարքեք»:

Մարդիկ հատուկ ռեզինե սապոգ են առել, մի մասն էլ կալոշ են պահել, որ այդքան տեղը անցնեն տուն մտնեն. տնից դուրս ելնողը չի կարող տուն գնալ, դպրոցականը չի կարող դպրոց գնալը, մանկապարտեզ չեն կարող գնալ, մեքենա չի գնում, շտապօգնություն չի գնում, տաքսի չի գնում, հասարակական տրանսպորտ չի աշխատում, մինչև ե՞րբ… հարցնում են քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Շինարարություն կատարող «Դորոժնիկ» ՍՊԸ ներկայացուցիչ Գագիկ Կարապետյանը վիճակի համար այսպիսի մեկնաբանություն տվեց. «Տարբեր պատճառներ  են նշվում, բայց հիմնական պատճառը նրանում է, որ Գյումրի քաղաքում ջրահեռացման, սելավաջրերի հեռացման համակարգ չկա, որի հետևանքով հալոցքից թե գազոններից, թե սառած գրունտի կավահողը լվացվում ու լցվում են ասֆալտի վրա»:
Արդյունքում, քաղաքապետն առաջարկեց 10 օրից նորից հանդիպել նույն կազմով ու ներկայացնել  կատարված փոփոխությունները:

Մարիամ Խալաթյան

Անկախ

Tags: , ,