“Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն” ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը և միության անդամ Հայկազ Զեյնալյանն ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ ՀՀ կառավարության կողմից մշակված ձկնաբույծների երկարամյա տնտեսական նոր քաղաքականությունը կարող է ձկնարտադրող փոքր ընկերություններին վերացման պատճառ դառնալ:
“Գործադիրի կողմից նոր պահանջներ են ներկայացվել ձկնարտադրողներին, ինչը բարդացնում է նրանց աշխատանքը: Խոսքը վերաբերում է ոլորտի լիցենզավորմանը, ջրերի 75 %-ի կրճատմանը, ջրի վարձի թանկացմանը, և էլի կան պահանջներ, որոնք դեռ չեն հրապարակվել”,-ասաց Արթուր Աթոյանը:
“Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն” ՀԿ-ն առաջարկում է կառավարությանը ժամանակ հատկացնել, որպեսզի ձկնարտադրողը կարողանա իր տնտեսությունը հարմարեցնել նոր պահանջներին։
Արթուր Աթոյանի խոսքով` կառավարության կողմից ներկայացված այդ պարտադիր միջոցառումները փոքր արտադրողները չեն կարողանա իրականացնել, իսկ խոշորներն ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնեն։ Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը կքննարկի այդ հարցերը:
“Մաքսային Միությանն անդամակցությունից հետո ձկնարտադրողները, իհարկե, ավելի հեշտությամբ կկարողանան արտահանում իրականացնել, չնայած, դա բոլոր ձկնարտադրողներին չի վերաբերում”,- ասաց Արթուր Աթոյանը:
“Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն”ՀԿ անդամ Հայկազ Զեյնալյանը ևս համակարծիք է, որ կառավարության այդ քաղաքականությունը տանելու է հատկապես մանր տնտեսությունների կործանմանը:
“Ժամանակն է ճիշտ մոտեցում ցուցաբերել ձկնարտադրողների նկատմամբ: Չպետք է անտեսել այն, որ Արարատյան դաշտը խիստ ջրի կարիք ունի, իսկ ձուկն էլ կարող է միայն ջրում ապրել”,-ասաց Հայկազ Զեյնալյանը` համոզմունք հայտնելով, որ ձկնարտադրությամբ զբաղվող խոշոր տնտեսություններն այդ քաղաքականությունից չտուժելու ելքը կգտնեն նույնիսկ առանց վճարներ անելու, և կառավարության վարած քաղաքականությունը, միանշանակ, փոքր տնտեսություններին կվնասի։
Tags: "Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն", Արթուր Աթոյան
