Մենոպաուզայի 15 ախտանշան, որոնք հարկավոր է իմանալ

մենոպաուզաՄենոպաուզան կամ դաշտանադադարը կնոջ կյանքում այն փուլն է, երբ սկսում են վերարտադրողական ու դաշտանային ֆունկցիաները մարել: Յուրաքանչյուրի մոտ այդ վիճակը տարբեր կերպ է արտահայտվում ու հիմնականում` 45 տարեկանից սկսած: Հորմոնալ վերակառուցումն անմիջական արտահայտություն է ունենում ինքնազգացողության վրա` մի շարք «անակնկալներ» պատճառելով: Ինչպե՞ս են դրանք անդրադառնում կնոջ կյանքի ու առողջության վրա:
Տարիներ առաջ կանանց մեծամասնությունը դաշտանադադարն ընկալում էր որպես կանացիության ու սեքսուալ ակտիվության մարում: Բարեբատաբար, ժամանակները փոխվել են, ու այսօր դաշտանադադարն ընկալվում է որպես նոր փուլի ազդանշան, փուլ, որի ընթացքում կինը, ցանկության դեպքում (ու ժամանակակից բժշկության միջամտության շնորհիվ) կարող է նաև ֆիզիոլոգիական լիարժեք կյանքով ապրել:
Ախտանշան 1.Մակընթացություն
Կարելի է ասել, որ մակընթացությունը (այլ կերպ այդ վիճակն անվանում են «տաք բռնկումներ») դաշտանադադարի այցեքարտն է: Կլիմաքսային տարիքի կանանց մոտ 80%-ը նման խնդրի բախվում է:
Դա հանկարծակի դեմքի, պարանոցի կրծքի ու թևերի շրջանում տաքության զգացողությունն է, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, քրտնարտադրությամբ ու օդի անբավարարության զգացումով: Մաշկը կարող է կարմրել կամ ծածկվել կարմիր բծերով: Հաճախ դրան ավելանում է գլխապտույտը, սրտխառնոցն ու տախիկարդիան (հաճախացած սրտխփոցը): Մակընթացությունները սովորաբար կարճատև են` 30 վայրկյանից` 2-3 րոպե:
Ի դեպ, մակընթացություն լինում է նաև տղամարդկանց մոտ, սովորաբար` տեստոստերոնի մակարդակի կտրուկ նվազման հետ կապված, որոշ սեռական օրգանների վիրահատությունների ֆոնին կամ դեղամիջոցների ազդեցությամբ:
2.Գիշերային հիպերհիդրոզ
Գիշերային ուժեղ քրտնարտադրություն: Ոմանք դա համարում են քնի ժամանակ կատարվող մակընթացություն: Դա նույնպես իգական սեռական հորմոնների դեֆիցիտի հետևանք է, որոնք անմիջական ազդեցություն են ունենում հիպոթալամուսում գտնվող ջերմակարգավորման կենտրոնի վրա: Ուղեղի այդ հատվածը կեղծ ազդանշաններ է ստանում, որ օրգանիզմը գերտաքացել է ու միացնում է ավելորդ ջերմության արտանետման մեխանիզմը, քրտնարտադրություն է կատարվում: Սակայն պետք իմանալ, որ հիպերհիդրոզը քնի ժամանակ ոչ միայն դաշտանադադարի ախտանշան կարող է լինել, այլև մի քանի ուրիշ հիվանդությունների մասին կարող է հուշել:
3.Անկանոն դաշտան
Ձվարանների հորմոնալ ֆունկցիայի աստիճանական մարումը հանգեցնում է անկանոնության, ամսականը դառնում է տևողությամբ քիչ, անկանոն ու նվազ: Ամսականների ինտերվալը մեծանում է, ու այդ դադարը կարող է հասնել 40-90 օրվա ու ավելի: Ժամանակի ընթացքում ամսականները կրճատվում են, ու եթե մեկ տարի մենստրուացիա չի լինում, ապա կնշանակի դաշտանադադար է սկսվել:
4.Հեշտոցի չորություն
Տարիքի հետ օրգանիզմում նվազում են նյութափոխանակության պրոցեսները, նվազում է հյուսվածքների, անոթների առաձգականությունն ու խոնավությունը, իսկ ինտիմ գոտիներն առավել զգայուն են այդ փոփոխությունների նկատմամբ: Հեշտոցի պատերը թորշոմում են, ճեղքեր են գոյանում, առաջանում է փոքր կոնքի օրգանների իջեցման , անգամ դուրս ընկնելու հավանականություն: Ախտանշաններից մեկն էլ հեշտոցում օտար մարմնի առկայության զգացումն է: Տարիքի հետ այդ տհաճությունները միայն ավելանում են: Մինչև 45 տարեկան կանանցից 15-30%-ին նման զգացումը ծանոթ է, իսկ 50-ից հետո` գրեթե 40%-ին:
Դաշտանադադարի առաջին ախտանշաններն առաջին անգամ կարող են հայտնվել վերջին դաշտանից 2 ամիս առաջ կամ մեկ տարի առաջ ու զգացնել մի քանի տարի: Հիմնական պատճառն էստրոգենների քանակի նվազումն է (կանացի սեռական հորմոններ):
5.Անքնություն
Սա ամենահաճախ հանդիպող ախտանշանն է դաշտանադադարի ժամանակ: Դրա «մեղավորը» կրկին իգական հորմոններն են:
Էստրոգենների անբավարարությունը մակընթացության ու գիշերային քրտնարտադրության պատճառն են, ինչը խանգարում է հանգիստ քնին և ուղեկցվում է մագնեզիումի ներծծման ու յուրացման խանգարման հետ (հանքանյութ, որը պատասխանատու է մկանների թուլացման համար): Իսկ մյուս հորմոնի` պրոգեստերոնի անբավարարությունը հանգեցնում է անքնության: Պրոգեստերոնը բնական վերականգնող հորմոն է, որը հանգստացնում է, խաղաղեցնում ու քնեցնում:
6. Տրամադրության տատանումներ
Հորմոնալ ֆոնի փոփոխությունը հանգեցնում է այնպիսի տարածված ախտանշանի, ինչպիսին հոգեզգայական վիճակն է: Առաջանում է լացկանություն, տագնապայնություն, անհանգստություն, լարվածություն, նյարդայնություն և անգամ ագրեսիա: Տրամադրության նման անկումները կարելի է համեմատել ամերիկյան բլուրների հետ. մեկ րոպե առաջ կինը երջանիկ էր և ուրախ, մեկ էլ հանկարծ արցունքներ են հայտնվում:
Ամերիկացի գիտնականները Մասաչուսեթսի հիվանդանոցում հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 50-79 հազար ավելի քան 3000 կին: Հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց գրեթե 18%-ը այս կամ այն չափով տառապել է տագնապի զգացումից: Գիտնականները կարողացան ապացուցել, որ հանկարծակի տագնապի նման զգացողությունը, ինչպես և հոգեկան խանգարումները համարվում են դաշտանադադարին բնորոշ ախտանշաններ:
7.Սեքսուալ հակման նվազում
Վիճակագրության համաձայն` 50-60 տարեկան կանանց 80%-ը սեքսուալ տեսանկյունից ակտիվ է: Սակայն պետք է նշել, որ սեքսուալ հակման նվազումը նույնպես դաշտանադադարի ամենատարածված ախտանշաններից է: Դա ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական պատճառներ ունի: Արդեն նշվեց, որ դաշտանադադարի ժամանակ հեշտոցն ասես չորանում է: Լորձաթաղանթը զգայուն է դառնում ու նվազ առաձգական, ուստի սեռական ակտը տհաճ զգացողություններ է առաջացնում, ցավ: Ինտիմ մերձեցումը դառնում է գրեթե անհնար: Մեկ այլ պատճառ է համարվում դաշտանադադարի ժամանակ հորմոնալ վերակառուցումով պայմանավորված ցավը կրծքում:
8.Փխրուն եղունգներ, բարակած մազեր
Ինչպես և դաշտանադադարի ախտանշաններից մեծ մասի դեպքում, մազաթափությունը ևս պայմանավորված է օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռությամբ:
Դա բավական տարածված խնդիր է, հանդիպում է կլիմաքսային տարիքի կանանց 50-75%-ի մոտ: Սակայն էստրոգենների անբավարարությունից ոչ միայն մազերն են տուժում, այլև եղունգները, դրանք դառնում են փխրուն ու չոր:
9.Սրտի հետ կապված խնդիրներ
Կանացի հորմոնի` էստրոգենի բնական նվազումը կարող է դաշտանադադարի տարիքի կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների հանգեցնել: Բանն այն է, որ էստրոգենը օգնում է պահպանելու անոթների ճկունությունն ու առաձգականությունը, ինչն ապահովում է զարկերակներում արյան ազատ հոսքը: Սակայն հետդաշտանադադարային տարիքի կանայք բոլոր զարկերակային հիպերտենզիայով տառապողների 50%-ն են կազմում: Ընդ որում, նրանցից շատերը սրտի հետ կապված խնդիրներ առաջին անգամ են ունենում:
10. Օսթեոպորոզ
Դաշտանադադարի ամենավտանգավոր ախտանշաններից է: Ընդհանրապես դաշտանադադարից հետո ընդհանուր ոսկրազանգվածը նվազում է, իսկ ոսկրահյուսվածքը` դառնում ծակոտկեն: Դա կոտրվածքների վտանգ է առաջացնում, հատկապես դաստակների, ազդրերի ու ողնաշարի շրջանում:
Հիմնականում հիվանդությունն աննկատ է զարգանում, սակայն կարող է որոշ դրսևորումներ ունենալ: Հատկապես կարող է զգացվել ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, քայլելու ընթացքում, գոտկատեղի շրջանում: Ընդհանուր թուլություն ու ուժասպառություն կարող է զգացվել:
11. Անմիզապահություն
Միզապարկի ֆունկցիայի խանգարումը դաշտանադադարի ամենատարածված ախտանշանն է : Իգական սեռական հորմոնների անբավարարությունը հանգեցնում է կոնքոսկրի մկանների թուլացման, որոնք պատասխանատու են միզապարկի վերահսկողության համար: Դա հանգեցնում է տհաճ հետևանքների, ինչպիսին, օրինակ` ակամա միզարտադրությունն է:
12. Քաշի ավելացում
Մարմնի զանգվածի ավելացումն ուղեկցում է դաշտանադադարի գրեթե ողջ ընթացքը: Սակայն ավելորդ կգ-ները միշտ չէ, որ կլիմաքսի հետևանք են:
Այս առումով նշանակություն ունեն տարբեր գործոններ, օրինակ` սխալ սննդային հակումները, սերը յուղոտ ու կալորիական սննդի նկատմամբ: Որոշ կանանց մոտ տարիքի հետ ինսուլինի նկատմամբ անընկալունակություն է առաջանում, ինչը ստիպում է օրգանիզմին կալորիաներ պահեստավորել, ոչ թե այրել դրանք: Մի կարևոր գործոն էլ կա. տարիքի հետ օրգանիզմի մկանային զանգվածը նվազում է, իսկ ճարպաշերտը` ավելանում:
13. Մկանային ու գլխացավեր
Դաշտանադադարի ամենահաճախ հանդիպող ախտանշանն է գլխացավը: Այն կարող է արյունատար անոթների տոնուսի փոփոխման հետևանք լինել կամ էլ մակընթացության, անքնության ու սթրեսի հետ կապ ունենալ: Մյուս տհաճությունը մկանային լարվածությունն է, ինչը կապված է օրգանիզմում կալցիումափոխանակության խանգարման հետ:
14 Հիշողության խնդիրներ
Հասուն տարիքի կանայք հաճախ են բողոքում հիշողության կորստից ու կենտրոնանալու անընդունակությունից: Դա դաշտանադադարի հաճախակի հանդիպող ախտանշաններից է ու կապված է կրկին էստրոգենի մակարդակի նվազման հետ: Վիճակագրության համաձայն` դաշտանադադարի տարիքի բոլոր կանանց 2/3-ը նման խնդիր ունի, որը վերանում է հորմոնալ հավասարակշռության վերականգնման հետ:
15.Ալերգիա
Ապացուցված է, որ այս տարիքի կանայք ալերգենների նկատմամբ դառնում են դյուրազգաց ու ավելի հաճախ նման խնդիրներ ունեցողների մոտ ալերգիաների սրում է սկսվում:
Ներզատիչ և իմունային համակարգերը սերտ կապված են միմյանց, և իմունիտետը կարող է հորմոնալ փոփոխություններին պատասխանել նոր ալերգիկ ռեակցիաներով (հաճախ` ալերգիկ ռինիտ, ասթմա, դերմատիտ):
Դաշտանադադարը բարդ ու անխուսափելի փուլ է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Եվ բնականաբար, ախտանշանները շատ ավելին են, քան թվարկվածները:
Այդուհանդերձ, դա պատճառ չէ, որ դաշտանադադարը դիտվի անխուսափելի սպառնալիք: Չարժե տագնապել: Այո, օրգանիզմը լուրջ վերակառուցման է ենթարկվում, որը նաև տհաճ ախտանշաններով է ուղեկցվում: Սակայն, ժամանակին մասնագետին դիմելու ու ճիշտ միջոց ընտրելու դեպքում բոլոր անհանգստությունները կարելի է նվազեցնել:
Ուրեմն դաշտանադադարը պետք է ընդունել որպես կյանքի մի անխուսափելի փուլ ու ամենևին դրանից ողբերգություն չսարքել:

Tags: , ,