Մարդու թերարժեքության բարդույթը իր տեսակի մեջ անկրկնելի է

բարդույթԲարդույթ կամ ինչպես ընդունված է ասել կոմպլեքս բառը հոգեբանության մեջ նշանակում է ենթագիտակցականում ձևավորվող  էմոցիոնալ պատկերացումների ու պատճառների ամբողջություն, ինչն ունենում է նշանակալի ներգործություն մարդու հոգեկանի և անհատականության զարգացման, ինչպես նաև մարդու վարքի վրա:

ՙՙՎերջերս մեր իրականության մեջ ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում թերարժեքությամբ բարդույթավորված մարդկանց, ովքեր ամեն մի մանրունքում տեսնում են իրենց մեղքը (եթե նույնիսկ մեղք ընդհանրապես չկա) կամ դա վերագրում են իրենց անձին՚՚,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց սոցիալական աշխատող Լիանա Առաքելյանը:

Նման դեպքերում սովորաբար տվյալ մարդը իրեն կարող է դրսևորել 2 ձևով` դառնալ ինքնամփոփ, չշփվող,  փակ, իրեն ամեն ինչում դնել զոհի տեղ ու ստիպել բոլորին իրեն խղճալ կամ սկսել զբաղվել ինքնագովազդով, առիթ ման գալ ամեն տեղ /մեջ ընկնելու/ ու ինքն իրեն գովալու: Վերջերս նույնիսկ սոցիալական ցանցերում լուրջ խոսակցությունների շրջանակներում թողնում են նման պոստեր`  /Բա իմ բառերը,իմ մատները,իմ եղունգները, իմ հայացքը, իմ շարժումները, իմ գիտակցության մակարդակը, իմ կապերը, իմ…իմ…իմ…/:

Նման մարդիք չեն գիտակցում, որ ավելի լավ է մի անգամ կողքից իրեն գովեն քան հազար անգամ ինքն իրեն:

Սոցիալական աշխատողի համոզմամբ այս բարդույթը ձեւավորող գլխավոր պատճառներն են որեւէ օրգանի թերարժեքությունը, ծնողների կողմից խնամքի չարաշահումը կամ ծնողների կողմից մերժումը:

Յուրաքանչյուր մարդու թերարժեքության բարդույթը իր տեսակի մեջ անկրկնելի է: Ընդ որում թերարժեքության պատճառը միշտ չէ, որ իրականում գոյություն ունի, այն հաճախ ձեւավորվում է սխալ գնահատականների հետեւանքով:

Լիանայի պնդմամբ  թերարժեքությունից խուսափելու համար պետք  է ինքնահաստատվել եւ գնահատել անգամ փոքրիկ ձեռքբերումը: Պետք է անընդհատ ցանկանալ հասնել առաջադրված նպատակին ու հաջողությունից ոգեւորվել: Դա մարդուն մեծ ուժ է տալիս:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: