Չորս ոչ իշխանական ուժերի համախմբումը իշխանություններին զգաստացնելու քաղաքականություն է. Վարդան Բոստանջյան

վարդան բոստանջյանՏնտեսագետ Վարդան Բոստանջյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ներքին քաղաքական մեծ իրադարձություններից` առանձնացրեց հատկապես երկուսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ըստ Վարդան Բոստանջյանի` թե’ մեկում, թե’ մյուսում բարձր մակարդակի վերլուծական մոտեցմամբ ցույց էին տրված երկրի ողջ կնճռոտ խնդիրները, որոնք անհետաձգելի լուծման կարիք ունեն:

Անդրադառնալով արտաքին քաղաքական իրադարձություններին` Վարդան Բոստանջյանը առանձնացրեց Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Բանախոսը նշեց, որ հակված չէ զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Ուկրաինայի միջև: Սակայն, ամեն դեպքում այս անորոշությունների գործոնը կարող է բերել այնպիսի ելքերի, որոնց հետևանքով Հայաստանը կարող է կանգնել Մայդանի առաջ:

«Ես  չեմ կարող գնահատական տալ` Հայաստանում Մայդան կլինի՞, թե՞ ոչ: Մեր ժողովուրդը հակված չէ մայդանների: Մայդանն  ինքնանպատակ գործընթաց չէ: Հաճախ քաղաքական ուժերն են նպաստում, որ մայդանանման երևույթներ տեղի ունենան: Բայց, օրինակ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն  արդեն երկու անգամ` մեկ իր հրաժարականի, մեկ էլ մարտի 1-ի ժամանակ ցույց տվեց, որ իր անձով թույլ չի տա Հայաստանում Մայդան լինի»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի համախմբմանը և Գագիկ Ծառուկյանի` հնարավոր առաջանորդ լինելու վարկածին` Վարդան Բոստանջյանը նկատեց, որ քաղաքական զարգացումները կանխատեսումներ չեն ենթադրում: Հնարավոր չէ կանխատեսել, թե՞ ով կլինի լիդեր կամ չի լինի, դա լինում է ինքնաբերաբար:

«Հիմա փորձել մեկ անձի կտրվածքով գուշակել, թե ի՞նչ քաղաքական զարգացումներ կլինեն, անհնար է: Շատ հնարավոր է նաև, որ չորս ոչ իշխանական ուժերի համախմբումը իշխանություններին զգաստացնելու քաղաքականություն է»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

 

Tags: ,