Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց առողջության ամիս

առողջապահության նախարարությունՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Մայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ  մարտի 8-ից ապրիլի 7-ը ամբողջ հանրապետությունում հայտարարվել է Կանանց առողջության միամսյակ։ Նախարարի 2014թ. փետրվարի 24-ի N 330–Ա   հրամանով  կանոնակարգվել է առաջին անգամ այսպիսի ընդգրկուն ծավալ ունեցող կարևոր միջոցառման պատշաճ և  համակարգված կազմակերպելու ընթացակարգը։

Միամսյակի շրջանակներում հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կկազմակերպվեն «Բաց դռների օրեր»։ Յուրաքանչյուր կին կարող է դիմել տարածքային իր պոլիկլինիկական հաստատություն` ներկայացնելով անձնագիր, ինչպես նաև, առկայության դեպքում` նախկինում արված բժշկական հետազոտությունների արդյունքները։

Անկախ կնոջ գանգատներից, առողջության առաջնային օղակում սկրինինգ ծրագրի շրջանակներում  կկազմակերպվի մանկաբարձ-գինեկոլոգի առաջնային զննում, խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության` նաև հետազոտություններ։ Բժշկական ցուցումների դեպքում տեղերում կկազմակերպվեն լրացուցիչ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և համապատասխան մասնագետների զննումներ։ Բոլոր այն դեպքերում, երբ կինը կարիք կունենա հետազոտություն կամ բուժում անցնելու մասնագիտացված կենտրոնում, ապա «Բաց դռների» բժշկական եզրակացության հիման վրա նա կուղեգրվի համապատասխան կլինիկա, որտեղ կտրամադրվի անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական ցուցումների դեպքում կտրվի վերջնական կարծիք` բուժօգնության, այդ թվում` վիրահատության վերաբերյալ:

Նախարարի հրամաններով այս գործընթացները հստակ կանոնակարգվել են թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Ըստ ժամանակացույցի մարզեր կմեկնեն Երևանի առաջատար կլինիկաների` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի, Թիվ 2 բժշկական միավորման, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի, Ս.Ա.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  նեղ մասնագետները, տեղերում կկատարեն ինչպես խորհրդատվություններ, այնպես էլ` վիրահատություններ։ Անհրաժեշտության դեպքում կանայք մարզերից ևս կուղեգրվեն մայրաքաղաք։

Մայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակը ծրագրային որոշակի ուղղվածություն ունի։ Կարևորվել են հատկապես վերատադրողական, ինչպես նաև տարեց կանանց տեսողական խնդիրները։ Կրծքագեղձի, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով կիրականացվեն սկրինինգային հետազոտություններ։ Երևանում մանկաբարձագինեկոլոգիական մասնագիտացված խորհրդատվություն և անհրաժեշտ բժշկական օգնություն կցուցաբերվեն բոլոր ծննդատներում։  Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ կկատարվեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում,  իսկ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մասնագետները ընդունելություն և անհրաժեշտ հետազոտութչուններ կկատարեն «Դավիթ Անհաղթ» ԲԿ-ում և Երևանի թիվ 17պոլիկլինիկայում։ Օստեոպորոզի վաղ հայտնաբերման նպատակով առանց որևէ եզրակացության 50-ից բարձր տարիք ունեցող կանանց հետազոտությունը կկազմակերպվի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում  և ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Ավելի երիտասարդները գանգատների դեպքում կարող են դիմել «Բաց դռների» բժշկական եզրակացությամբ։

Միամսյակի ընթացքում կանայք կարող են պոլիկլինիկաներ դիմել  նաև նյարդաբանական և ներզատաբանական խնդիրներով։

Մարտի 8-ի տոնական օրը Երևանում ժամը 10-13-ը կանանց կընդունեն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում` առանց որևէ ուղեգրման։

Մայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում դժվարությունների կամ խոչընդոտների հանդիպելու դեպքում խնդրում ենք զանգահարել` Երևանում` քաղաքապետարանի պատասխանատու համակարգողներին 51-42-22 և 54-40-58 հեռախոսահամարներով, ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժին` 52-15-59 և թեժ գիծ` 52-88-72 հեառախոսահամարներով, մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ։

Բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված, ինչպես նաև զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների կանանց խնդրում ենք պոլիկլինիկա դիմելիս իրենց հետ վերցնեն այդ կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։

Tags: , ,