Մահվան մղումը գերակշռում է ապրելու մղումին

ինքնասպանությունԻնքնասպանություն կամ սեփական գոյության դադարեցում բռնությամբ.   շարժառիթները տարբեր են, մեկը մյուսին նման կամ ոչ այնքան: Դրանց պատճառները միշտ կարելի է վերլուծել, երկար դատողություններ անել, սակայն բուն պատճառը, այնուամենայնիվ, մնում է անհայտ, որովհետեւ ինքնասպանն այն տանում է իր հետ:

ՙՙԵթե մահվան մղումը գերակշռում է ապրելու մղումին՝ անձի համար ստեղծվում է լարված իրավիճակ, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ինքնասպանության: Ցավոք, ինքնասպանությունների թիվն ավելացել է: Գրեթե ամեն օր լսում ենք այն մասին, որ ինչ-որ մեկը ինքնասպանություն է գործել կամ փորձել է գործել: Մինչդեռ անցյալում մեր ժողովրդի մեջ շատ խիստ նստած էր այն համոզմունքն ու հավատքը, որ անկախ անելանելի վիճակից, հուսահատական դրությունից՝ ինքնասպանությունն աններելի մեղք է՚՚,-Անկախի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Նարե Դավոյանը:

Այն մարդն, ով նախապատրաստվում է ինքնասպանության՝ այդ մասին այս կամ այն կերպ ազդարարաում է, դա երեւում է նրա վարքում, դատողություններում: Այդպիսի ահազանգներին միջավայրը պետք է ուշադիր լինի եւ եթե նկատում է, ապա կարող է միջամտություն կատարել եւ ինքնասպանությունը կանխել:

Սոցիոլոգի համոզմամբ այն ահազանգերը, որոնք հնչեցնում է անձը, շատ կարեւոր են. բացի այդ դրանցից անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ինքնասպանությունների վիճակագրության ընդհանուր տեսքին եւ կարելի է առանձնացնել ճգնաժամային տարիքներ:

Պատանեկության տարիքում անձը գիտակցում է, որ կարող է իրեն վերարտադրել, կյանքի այդ փուլում գալիս է նաեւ սեփական մահվան գիտակցությունը, մինչ այդ երեխան գիտի մահվան մասին ինչ-որ բաներ: Ինքնասպանության ռիսկը մեծանում է նաեւ կյանքի միջնագծում, այն քողարկված ընթացք ունի եւ շատ դեպքերում չի արտահայտվում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: ,