Գուշակների թիվը մեր երկրում պարզելն անհնար է: Նրանք հարկային մարմիններում եւ Ազգային վիճակագրական ծառայությունում չեն գրանցվում:
ՙՙՀնարավոր է, որ նրանք ինչ-որ ՍՊԸ-ի անվան տակ գրանցվում են, բայց գործունեության մեջ չեն գրում, թե իրականում ինչով են զբաղվելու եւ իրականում` անհնար է պարզել, թե քանի նման գործունեություն ծավալած կազմակերպություն կամ անհատ կա՚՚,-archive2.ankakh.com -ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Աշխեն Մուրադյանը:
Եւ չնայած այս ամենին, Հայաստանում կան մի շարք գուշակներ, որոնք ամենահայտնին են: Նրանց մասին առասպելներ է պատմվում, նրանց այցելելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ, երբեմն` ծանոթներ, ու պետք է օրերով հերթ կանգնել: Ավելին` ոմանք էլ ունեն իրենց ՙՙանձնական գուշակները՚՚, որոնց դիմում են անելանելի իրավիճակներում: Թեեւ գուշակները եւ գուշակությունները շատ տարածված են Հայաստանում, այնուհանդերձ, մեզանում օրենսդրորեն որեւէ կերպ չի կարգավորվում նրանց գործունեությունը: Գուշակներին վերաբերող որեւէ իրավական ակտ, նորմ, օրենք չկա: Բայց խնդիր այն է, որ եթե նրանց ծավալած գործունեություն շահույթ ստանալու նպատակ է հետապնդում, ապա պետք է գրանցվեն որպես անհատ ձեռնարկատեր, ինչը թերեւս չի արվում:
Սոցիոլոգի համոզմամբ գուշակների մոտ ընդունված չէ գին ասել, ավելին` նույնիսկ կա տարածված արտահայտություն ՙՙ իրեն հարգող գուշակը երբեք գին չի ասում, ասում է` ինչքան կտաս, կտաս՚՚: Իսկ մարդիկ հաճախ վախենում են քիչ գումար տալ` մտածելով, որ իր հետ մի վատ բան չպատահի հետագայում: Կախված գուշակության տեսակից` տարբեր է դրա համար վճարվող գումարը: Այսօր մեզանում գուշակությունների ամենատարածված ձեւերն են սուրճի բաժակ նայելը, թղթախաղի քարտերով գուշակելը, մոմ, արճիճ հալացնելը, ձեռքի ափի գծերով գուշակություն անելը: Դրանցից ամենամատչելիները սուրճի գավաթ նայելն է ու թղթախաղի քարտերով գուշակություններ անելը:
Գուշակությունը նոր երեւույթ չէ. դա սոցիալական ինստիտուտ է եւ ինչ-որ տեղ օգնում է, որ մարդիկ կարողանան իրենց դնել որոշակի փորձության մեջ եւ գտնել իրենց տեղը այս կյանքում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Աշխեն Մուրադյան, Գուշակներ