ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում քիչ առաջ քվերակության դրվեց նախորդ քառօրյայում քննարկված՝ Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը խորհրդարան է ներկայացվել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից:
Մինչ հարցը քվեարկության դնելը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը, որպես նախագծի նախաձեռնողներից մեկը, կողմ է քվեարկելու: Նա կոչ արեց բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց համար կարևոր է ստանալ մարտի մեկի տասը զոհերի սպանության հարցի պատասխանը, նույնպես քվեարկել կողմ՝ միաժամանակ նշելով, որ իրենք բաց են, անգամ, մեկ կենտրոնից կառավարվող քաղաքական ուժերի և լրատվամրջոցների կողմից բարձրացվող հարցերը քննարկելու համար, և որ դա իրենց համար տաբու չէ: “Ովքեր թաքցնելու բան չունեն, պետք է կողմ քվերակեն”,-հայտարարեց նա:
Հանրապետական խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ ամենաշատն իրենք են խնդրին լուրջ մոտենում, և որ ամբողջական պատասխանատվությունն իրենց վրա է: “Նրանք, ովքեր մտածում են, որ կկարողանան շուուներ ստեղծել, մեզ համար անընդունելի է: Մենք, ուսումնասիրելով նախորդ երեք հանձնաժողովների աշխատանքը, գտնում ենք, որ այժմ նպատակահարմար չէ նման հանձնաժողով ստեղծելը, ուստի մենք դեմ ենք քվեարկելու”:
Գալուստ Սահակյանի հայտարարությունը շոուի մասին վիրավորեց ընդդիմադիրներին: Նախագծի հիմնական զեկուցող ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց՝ ասելով, որ համենայնդեպս, ինքը շոու անելու նպատակ չի հետապնդել: “Ցավում եմ, որ ամբողջ քննարկման ընթացքում որևէ բովանդակային առաջարկ ձեր կողմից չհնչեց,-ասաց նա,-միևնույն ժամանակ, զարմանում եմ, որ բոլորը կողմ են, որ մարտի մեկի մարդասպանները բացահայտվեն, բայց դուք դեմ եք”:
“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարեց, որ փորձում է հասկանալ, թե ինչու մեծամասնությունը կողմ չի քվեարկում. “Շատ բաներ, որ չեմ ասում, ողւղղակի միկրոֆոնը թույլ չի տալիս ասել,-ասաց Հակոբյանը,-հիմա ո՞րն է ճիշտ՝ քվեարկել կողմ և ասել՝ եկեք բացահայտենք ճշմարտությո՞ ւնը, թե՞ ասել շուո է, չենք քվեարկում”:
Ռուբեն Հակոբյանը դեռ ասելիք ուներ, սակայն ԱԺ նախագահի հրահանգով նրա խոսափողն անջատեցին:
Հակոբյանին հետևեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը: Նա պարզաբանեց, որ Գալուստ Սահակյանի մատնանշած նախորդ հանձնաժողովների գործունեությունը հարցի հետ որևէ առնչություն չունի, քանի որ այս հանձաժողովը, ի տարբերություն նախորդների, պետք է ուսումնասիրեր, թե իրավապահ մարմիններն արդարադատության խոչընդոտման ինչ աշխատատքներ են կատարել: “Դեմ քվեարկելով՝ դուք արդարադատության խոչտնդոտման, ինչպես նաև թափված արյան ողջ պատասխանատվությունը վերցնում եք ձեզ վրա”,-ասաց նա:
Մինչ Ռուբեն Հակոբյանը տեղից բղավում էր, որ պարոն Աբրահամյանը խախտել է կանոնակարգ օրենքը՝ իր խոսափողն անջատելով, նախագիծը դրվեց քվեարկության և 46 կողմ, 66 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց:
Tags: Ազգային ժողով, Գագիկ Ջհանգիրյան, Գալուստ Սահակյան, Լևոն Զուրաբյան, Հովիկ Աբրահամյան, մարտի մեկի հարցով հանձնաժողով, Նաիրա Զոհրաբյան, Ռուբեն Հակոբյան