Երեխայի պատիժը դա սահմանափակումների աստիճան է, որը թույլ է տալիս կարգավորել երեխայի վարքը, վերահսկել նրա գործողությունները, զգուշացնել նրան, որ շուրջը վտանգ կա:
Ավելի մեծ տարիքում, երբ երեխայի մոտ ձևավորվում են խիղճը և բարոյական վարքը, պատիժը այլ բնույթ է կրում. մենք պատժում ենք կոնկրետ արարքի համար, այն արարքի համար, որը երեխան անգիտակցաբար է արել, իմանալով, որ դա անել չի կարելի:
ՙՙՄինչև 1,5 տարեկան երեխաները չեն ընկալում ՙՙչի կարելի՚՚ արտահայտությունը: Այն երբեմն հնչում է անհամբերությունից և զայրույթից: Այնուհետև երեխան սկսում է կամակորել, զայրանալ, գոռգոռալ, բողոքել, հատուկ բաներ անել: Փոքրիկին հաճելի չէ, որ նրա յուրաքանչյուր գործողությունը ուղեկցվում է ՙՙչի կարելի՚՚ արտահայտությամբ՚՚,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց մանկավարժ Ամալյա Սարգսյանը:
Երբեմն ծնողը բարկացած վիճակում կարող է ուժգին հարված հասցնել երեխային եւ համարել, որ դա լուծում է: Հետո ծնողները զղջում են կատարվածի համար, խոստանում են, որ նման բան էլ երբեք չի կրկնվի, սակայն որոշ ժամանակ անց հեշտությամբ մոռանում են խոստումները և անարժան պատիժները կրկնվում են:
Մանկավարժի համոզմամբ երեխային ոչ թե պետք է պատժել, այլ պետք է բացատրել, զինվել համբերությամբ և կրկնել նորից ու նորից այն, ինչ որ նա պետք է անի:
Կան տարիքային որոշակի ժամանակահատվածներ, երբ երեխան առավել համառ և կամակոր է, չի ընդունում ոչմի սահմանափակում, խոսքեր, և ընդհանրապես փոխում է իր վարքը: Նման անցումային ժամանակաշրջանում կամ տարիքային ճգնաժամի դեպքում, երեխայի վարքը փոխվում է դեպի վատը, ծնողները կորցնում են իրենց, ավելի նյարդային են դառնում, և համապատասխանաբար, ավելի հաճախ են պատժում:
Երեխայի կյանքում ամենակարեւորը սերն է, չափավոր ուշադրությունը, հոգատարությունն ու վստահությունը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: դաստիարակություն, պատիժ