Դավիթ Հարությունյանը դատաիրավական բարեփոխումների նախագծում ծայրաստիճան վիճելի հարց է տեսնում

դավիթ-հարությունյանԱզգային ժողովում քննարկվում է «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  տեղեկացրեց, որ փաթեթը մշակվել է՝ հաշվի առնելով նախատեսված դատաիրավական բարեփոխումները: Սահմանվում են վճռաբեկ դատարան գործեր ընդունելու հիմքերը, գործերի բաշխման նոր, առավել արդյունավետ  համակարգ եւ այլն:

Հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանն իր ելույթում անդրադրձավ նախագծի` իր կարծիքով ամենավիճահարույց կետին. այն, որ միևնույն անձը երեք անգամից ավելի չի կարող ընտրվել դատարանի դատավոր: «Այս հարցը սահմանադրության հետ որոշակի խնդիրներ ունի,-կարծում է Հարությունյանը` վկայակոչելով սահմանադրական այն դրույթը, ըստ որի դատավորներին Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակում է և նրանց լիազորությունները դադարեցնում է Հանրապետության նախագահը,-արդյոք Ազգային ժողովը կարո՞ղ է այդ աստիճան մխրճվել ՀՀ նախագահի լիազորությունների մեջ: Մենք այս հարցում ունենք տարակարծություն կառավարության հետ: Այս մասը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, և մենք պետք է սպասենք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական պատասխանին: Սա ծայրաստիճան վիճելի հարց է»:

Միաժամանակ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ դա չպետք է արգելք հանդիսանա, որպեսզի օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվի: Սակայն մինչև երկրորդ ընթերցում այդ հարցին պետք է հստակ պատասխան տրվի:

Նա նաև անընդունելի է համարում օրինագծում առկա այն դրույթը, որ դատարանի նախագահը 25 տոկոս նվազ ծանրաբեռնվածություն պետք է ունենա, քան մյուս դատավորները: «Ի վերջո այդ ամենն ունի ֆինանսական արտահայտություն: Դատարանի նախագահն էլ դրա դիմաց ավելի բարձր աշխատավարձ է ստանում: Եվ բացի այդ, մենք այսօր չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ»:

Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանին հետաքրքրում էր Դավիթ Հարությունյանի` որպես «ոլորտի լավագույն մասնագետի» անձնական կարծիքը այս օրենսդրական փոփոխության վերաբերյալ` արդյոք սա կնպաստի՞ դատական համակարգի անկախացմանը:

Դավիթ Հարությունյանը նախ ժպիտով իր անհամաձայնությունը հայտնեց իր հասցեին հնչած «ոլորտի լավագույն մասնագետ» ձևակերպանը, ապա անցնելով բուն թեմային` նախագիծը բնութագրեց որպես հակակոռուպցիոն նախագիծ: Միաժամանակ նա հայտնեց, որ բարեփոխումներ անելիս պետք է կարողանալ ճշգրիտ սահմանը զգալ: «Կարգավորումն անհրաժեշտ է, բայց ողջամտության սահմաններում: Գերկարգավորութմոը կարող է բերել կոլապսի»:

Ինչ վերաբերում է դատական համակարգի անկախացմանը, ապա Դավիթ Հարությունյանը կարծում է, որ այդ համակարգն էլ հասարակության մի մասն է և տառապում է այն նույն հիվանդությամբ, ինչ ողջ հասարակությունը:

Խոսրով Հարությունյանն էլ բարձրարցրեց դատական պրակտիկայի վերլուծության հարցը, որն, ըստ նրա, պետք է հիմք դառնա դառնա իրավունքի ոլորտում քաղաքականության մշակման համար: «Ո՞ր կառույցը դա պետք է անի,-հարցրեց նա,-և ընդհանրապես մենք ունե՞նք նման վերլուծության կարիք»:

Դավիթ հարությունյանը կարևորեց բարձրացված հարցը և ասաց, որ ցավոք, այսօր մենք չունենք ինստիտուցիոնալ մի կառույց, որը հետևողականորեն վերլուծի դատարանի որոշումներն ու հանդես գա համապատասխան օրենսդրական փոփոխություններով:

«Պետք է ունենալ մի մարմին, որը պատասխանատու է այդ աշխատանքի համար: Կարծում եմ` այդ մարմինը պետք է լինի գործադիր իշխանությունը: Միգուցե նաև ճիշտ կլինի, եթե մենք առաջարկենք գործադիր իշխանությանը այս հարցում քայլեր ձեռնարկել»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից պարզ դարձավ, որ նա այս նախագծից առանձնապես ոգևորված չէ: Ճիշտ է, փոփոխությունները որոշակի դրական տարրեր իրենց մեջ պարունակում են, սակայն նա համոզված է, որ դրանք արմատական հեղաշրջում չեն իրականացնի ոլորտում:

Նա նույնպես սահմանադրության կոպտագույն խախտում է համարում նախագծով դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ դրույթ սահմանելը: «Մեր կառավարությունը կարծես չի սիրում Սահմանադրությունը, ուզում է շրջանցել, ինչ որ ձևակերպումեր է գտնում `խուճուճ-մուճուճ: Առանց այն էլ ինքնուրույնությունները կորցրած դատավորներ են»:

Անդրադառնալով նախագծով սահմանված բարեփոխումներին` ՀԱԿ պատգամավորը թվարկեց ոլորտում առկա խոցելի տեղերը, որոնք ըստ նրա, շարունակելու են նույն ձևով պահպանվել. «Ի՞նչ ենք ուզում մենք այս օրենքով: Արդյոք քանդո՞ւմ ենք դատական բուրգը: Ցավոք, ոչ: Մեր արդարադատության խորհուրդը ամենամեծ գուրզն է դատավորների անկախության գլխին: Խորհրդի անդամներ կան, որ 1996 թվականից այդ խորհրդի կազմում են: Բերեք փոխենք: Սրանք սպիտակ դատավորներ են: Երբևէ լսե՞լ եք, որ նրանցի որևէ մեկին կարգապահական տույժի ենթարկեն: Այս օրենքով վճռաբեկ դատարանի դատավորին ավելի մոնստր ենք դարձնում: Վճռաբեկ դատարանը չի աշխատում: Մենք մի դատարան ենք ստեղծել, որի քեֆն ինչ տալիս, անում է»,-սկսեց թվարկել Գագիկ Ջհանգիրյանը` կոչ անելով հարցին առավել լուրջ ու համակարգային մոտենալ:

 

Անկախ

Tags: , , , , ,