“”Ադրբեջանական ագրեսիան ընդգծում է Արցախի սահմանները” գիրքը կփոխի բանակցային գործընթացի տրամաբանությունը”. քաղաքագետ

Political scientist Levon Melik-Shahnazaryan is guest in Henaran press clubՔաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը հրատարակել է իր “Ադրբեջանական ագրեսիան ընդգծում է Արցախի սահմանները” գիրքը, որը հիմնված է հետախուզության ժամանակ ձեռք բերված շատ կարևոր փաստաթղթերի և իր հոդվածների վրա: Դրանք գաղտնի ադրբեջանական փաստաթղթեր են. կա փաստատթուղթ, որից ընդամենը մի օրինակ է:

800 օրինակից ռուսերեն լեզվով տպագրված այս գրքույկը քաղաքագետն արդեն ուղարկել է համապատասխան մարմիններին, մասնավորապես Արտաքին գործերի նախարարություն` հույս ունենալով, որ դրանք մոտ ապագայում կհայտնվեն բանակցային սեղանին:

“Այս փաստաթղթղերը մեզ մոտ են հայտնվել շատ վաղուց, դեռ 90-ականներին, ուղղակի դրանք կորած էին համարվում ու բոլորովին վերջերս են նորից հայտնաբերվել: Այստեղ հրատարակված փաստաթղթերն ամբողջովին ջարդում են Ադրբեջան-Հայաստան բանակցությունների տրամաբանությունը: Ադրբեջանը աշխարհին ներկայացնում է, իբրև թե Հայաստանը ագրեսիա է դրսևորել և գրավել իր տարածքի մի մասը: Իսկ մենք շարունակ պաշտպանվում ենք այդ մեղադրանքից: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ ագրեսորը հենց ինքը` Ադրբեջանն է: Սրանք ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձել է կատարել ցեղասպանություն` Արցախի բնակչության հանդեպ: Այս փաստաթղթերը միջնորդների սեղանին դնելիս` կփոխվի բանակցությունների տրամաբանությունը: Եվ պարզ է դառնում, որ տարածքները տալու մասին բանակցությունները հիմք չունեն: Այս պարագայում խոսել պետք չէ անգամ Մինսկի խմբի առաջարկների մասին”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իր գիրքը` ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Հեղինակը տեղեկացրեց, որ գրքում ներառված է 11 փաստաթուղթ, բայց էլի փաստաթղթեր կան: Հեղինակը համոզված է, որ Ադրբեջանում տեղյակ են, որ այս փաստաթղթերը կրկին մեր ձեռքում են, որովհետև որոշ մասն ինքը հրատարակել է իր voskanapat.info կայքում, բայց որևէ արձագանք նրանց կողմից դեռ չի եղել:

“Ես կարծում եմ, որ պատասխան չունեն, ավելին` նրանք խուճապի մեջ են, որովհետև չէին մտածում, որ այս փաստաթղթերը կհայտնվեն մեր ձեռքում: Ես պատրաստվում եմ այս գրքույկն ուղարկել Ռուսաստանի տարբեր վերլուծական ինստիտուտների, Բրյուսել, ԱՄՆ և մեր այն լոբբիստական կազմակերպություններին, որոնք զբաղվում են քաղաքական հարցերով”:

Հարցին` արդյո՞ք մեր պատկան մարմինները կդնեն այս փաստաթղթերը բանակցային սեղանին, բանախոսը պատասխանեց. “Պիտի որ սա աչք ծակի: Սակայն, ես վստահ չեմ, որ այս գրքույկը, որն արդեն ուղարկել եմ ԱԳՆ, կհասնի այն մարդկանց, որոնք պետք է այն կիրառեն”:

Tags: ,