«Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է, Ռուսաստանն իրավունք չունի հանրաքվեի արդյունքները ճանաչել» Ուկրաինայի դեսպան

Իվան ԿուխտաՀայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի խոսքով` մարտի 16-ին անցկացվելիք Ղրիմի հանրաքվեն լեգիտիմ չէ, այն հակասահմանադրական է և, հետևաբար, Ռուսաստանն իրավունք չունի հանրաքվեի արդյունքները ճանաչել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, որ Ղրիմի այսօրվա իշխանությունները իրավունք չունեն դիմելու այս կամ այն պետությանը՝ այս կամ այն տարածքը այլ պետության հետ միավորելու համար: Ուկրաինայի Սահմանադրությամբ հստակ կարգավորված է, որ նման իրավունք ունի միայն Ուկրաինայի Գերագույն Ռադան:

Հարցին` ինչպե՞ս է գնահատում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում, Իվան Կուխտան պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ի՞նչ դիրքորոշում է, ես գիտեմ, որ Հայաստանի նախագահը Դուբլինում համապատասխան հայտարարություն է արել, համաձայն որի, Հայաստանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է: Սա է Հայաստանի դիրքորոշումը»:

Անդրադառնալով ուկրաինական դեպքերին տեղի հայ համայնքի դիրքորոշմանը` դեսպանը հիշեցրեց, որ Մայդանի ավելի քանի 100 զոհերից 2-ը ազգությամբ հայ Ուկրաինայի ակտիվ քաղաքացիներ էին:

«Եթե 2001-ի հանրաքվեի արդյունքներով Ուկրաինայում գրանցված էր մոտ 120 հազար հայ, այսօր երկու կամ երեք անգամ ավել է: Սա շատ մեծ սփյուռք է, սա Ուկրաինայի ազգային փոքրամասնություններից մեկն է, ունի մեր երկրում պատմության, ճարտապետության շատ մեծ թվով հուշարձաններ։ Եվ պետությունն ամեն ինչ անում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի զարգացման համար: Հայկական սփյուռքը շատ ակտիվ է, այն ներկայացված է պետության բոլոր գերատեսչություններում, այդ թվում՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայում և իշխանության տեղական մարմիններում»,-ասաց Իվան Կուխտան:

Ինչ վերաբերում է Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև անցկացվող զուգահեռներին, դեսպան այդ մասին չխոսեց` հավելելով, որ դա քաղաքական վերլուծաբանների, փորձագետների իրավասության շրջանակն է:

Անդրադառնալով Ուկրաինայի՝ ԱՊՀ կազմից դուրս գալուն` դեսպան նշեց, որ Ուկրիանայում հաստատված ծայրահեղ ծանր վիճակից և Ղրիմի կառավարության ՝ ՌԴ-ին միավորելու դիմումից հետո, Ուկրաինայում իրավիճակի սրացման հետ կապված Ուկրաինան՝ որպես նախագահող կողմ առաջարկեց, որ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների մարտի 7-ի նիստն անցկացվի Կիևում, բայց ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հրաժարվեցին՝ պատճառաբանելով, թե զբաղված են: ԱՊԱ Ուկրաինան առաջարկեց նիստն անցկացնել մարտի 12-ին, բայց ԱՊՀ երկրների արտգործնախարարները ժամանակ չգտան:

«Եթե Ուկրաինայի համար նման դժվար ժամանակներում չեն կարողանում ժամանակ գտնել Կիև գալու համար, ապա տրամաբանական է կառույցից դուրս գալու որոշումը, իսկ ինչու՞ է նման մարմին անհրաժեշտ»,- ասաց Իվան Կուխտան:

 Անկախ

Tags: , , ,