«Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի անհրաժեշտություն այս պահին չկար». Վահագն Խաչատրյան

Վահագն ԽաչատրյանՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը որևէ սահմանափակում չի տեսնում պետական ունեցվածքի վաճառքի հարցում, ըստ նրա, ցանկացած պետական ունեցվածք կարելի է վաճառել, որովհետև միշտ չէ, որ պետությունը կարողանում է արդյունավետ կառավարել իր ունեցվածքը, և կարող են գտնվել ավելի արդյունավետ կառավարող կազմակերպություններ, որոնց էլ կարելի է վաճառել պետական ունեցվածքը` երկու նպատակ հետապնդելով` գումար մուտք անել պետական բյուջե և պետական սեփականությունն ավելի արդյունավետ օգտագործել:

Սակայն այս տեսանկյունից Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը դիտարկելիս, Վահագն Խաչատրյանի խոսքով, հարց է առաջանում. արդյո՞ք Որոտանի ՀԷԿ-ը ներդրումների կարիք ունեցող կառույց է, գումարներ չունի, և պետք է այն վաճառել ու  արդյունավետ կառավարողի գտնել: Պատասխանը ըստ տնտեսագետի` միանշանակ ոչ է:

«Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի անհրաժեշտություն այս պահին չկար: Թեև Էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ ՀԷԿ-ը 40 տարվա կառույց է, մաշված է, բայց իրականում այդպես չէ, քանի որ նման հիդրոկառույցներ ծառայում են մինչև 100 տարի: Ինժեներական առումով Որոտանի ՀԷԿ-ը շատ ունիկալ կառույց է: Նման կառույց վաճառել, նշանակում է տնտեսապես մի համեղ պատառ ուրիշին տալ, իսկ դրա համար պետք է թանկ գին վճարվի: Կա’մ դա վաճառելուց պետք է մեկ այլ մեծ տնտեսական ծրագիր իրականացվի, կա’մ էլ պետությունը խիստ ճգնաժամային իրավիճակում է գտնվում, և նրան մեծ գումարներ են անհրաժեշտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով` տնտեսական կառավարման առումով նույնպես իմաստ չուներ ՀԷԿ-ը վաճառել, որովհետև տնտեսական ցուցանիշներին նայելիս` պարզ է դառնում, որ այն միշտ հաջող տնտեսական գործունեություն է ծավալել: Ճիշտ է, անցած, նախանցած տարիներին տնտեսական բալանսում ցույց է տվել բացասական հոսքեր, բայց դա զուտ հիդրոկայանի տնտեսական գործունեության հետ կապված չի եղել: Որոտանի ՀԷԿ-ի միջոցներով վճարվել են նաև Նաիրիտի աշխատողնրի աշխատավարձերը, այսինքն, կառավարությունը դրանով կարողացել է լուծել օպերատիվ խնդիրներ: Հիմա դա էլ չի լինի: Որոտանի ՀԷԿ-ի տնտեսական գործունեությունը երբեք բացասական չի եղել: Վերջին տարիներին գնվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում է եղել: Եթե ժամանակին 1.2 դրամ էր, հետո դարձավ 4.3, հիմա դարձել է 7.9-8.2 դրամ: Դրանից էլ կախված է նաև այդ կառույցի շահութաբերությունը: Սա ամենաէժան հոսանք արտադրող կառույցն է:

«Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքի պայմանագիրը նայելիս` տեսնում ենք, որ այն ոչինչ չի տալու: Առաջին 5-7 տարիների ընթացքում կառույցը հասցվելու է հզորությունների մաքսիմալ օգտագործման, որը հավասար է տարեկան 1 մլրդ 200 մլն կիլովատ էներգիայի: Այդ 7 տարիների ընթացքում 70 մլրդ-ի ներդրումներ են կատարելու, ինչը այդքան էլ մեծ գումար չէ նման կառույցի համար»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

 Անկախ

Tags: ,