Սթիվ Ջոբսը հայերեն գիտեր

SՊարզվում է, որ Սթիվ Ջոբսը շատ լավ հայերեն է խոսել: Այդ մասին տեղեկանում ենք http://armenianeyes.com և khabararmani.com արաբական կայքերից: Պատասխանը պետք է փնտրել նրա ինքնակենսագրության մեջ:

Apple-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է 1955 փետրվարի 24-ին Սան Ֆրանցիսկոյում: Նրան որդեգրել են Փոլ և Կլարա Ջոբսերը (Հակոբյանները): Նշված կայքերի հավաստմամբ` Սթիվը մեծացել է հայկական ընտանիքում (մայրը Կլեր, Վիկտորյա Արթինյան, հայրը՝ Լուիս Հակոբյան): «Քլեր Հակոբյանը` որդեգրող մայրը, նշանակալի դեր է ունեցել հանճարի դաստիարակության գործում և հենց նա է Սթիվին հայերեն սովորեցրել», – տեղեկանում ենք արաբական կայքից: Սակայն Ջոբսը երբեք չի ցանկացել խոսել իր կենսաբանական ծնողների և ընտանիքի մասին: Նրա երեխաները հաճախ էին բողոքում, որ Սթիվը շատ ժամանակ չի անցկացնում իրենց հետ: Նա հպարտությամբ էր արտահայտվում իրեն մեծացնող ծնողների, հատկապես մոր մասին, բայց համացանցում այդպես էլ չկարողացանք գտնել նրա հայերենով զրույցը և հայ ծնողների մասին փաստող տեսանյութեր:
Նորարարի հայերենի իմացության մասին և նման այլ կարևոր տեղեկությունները գուցե պարզ դառնան այն ժամանակ, երբ կհրատարակվի նրա պաշտոնական` Apple-ի հավաստագրած կենսագրությունը՝ Apple-ի գործունեության մասին առաջին գիրքը` «iSteve: The Book of Jobs» (հեղինակ՝ CNN-ի նախկին գլխավոր տնօրեն և British Times-ի նախկին խմբագիր Ուոլթեր Իսաակսոն):
Ջոբսն ունեցել է բազմաթիվ և բազմաբնույթ նախասիրություններ մինչ Ս. Վոզնյակի հետ Apple Computers-ը սկսելը: Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ և չի բավարարվել ձեռք բերած հաջողություններով։ Վոզնյակի հետ նրա առաջին համատեղ աշխատանքն ավելի շատ նման էր հաքերության: Երկու ընկերներով պատրաստել էին մի սարք՝ Blue Box, որը հնարավորություն էր տալիս անվճար զանգահարելու հեռավոր տարածքներ, իսկ հետագայում սկսեցին աշխատել դրա վաճառքով։ Առաջին կիսամյակից հետո Սթիվն ընդհատել է ուսումը, բայց հաճախել է գեղագրության դասընթացների, ինչը շատ է օգնել նրա Macintosh համակարգչի՝ MacOS համակարգի ստեղծմանը։ 1970-անների վերջին Ջոբսը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ ստեղծեց առաջին առևտրային հաջողություն ունեցած անհատական համակարգիչներից մեկը, 1985 թ. տնօրենների խորհրդի հետ պայքարում կորցրեց իր տեղը Apple-ում և առանձին ստեղծեց NeXT ընկերությունը: 1997 թ. նա վերադարձավ և Apple-ը դարձավ աշխարհի ամենաթանկ IT ընկերությունը, այնուհետև նրա գլխավորությամբ Apple-ը թողարկեց զարմանալի սարքեր` iPad պլանշետ, ամենաբարակ նոութբուքը՝ MacBook Air, iPhone հեռախոսներ և iPod երաժշտական փլեյեր:
Ջոբսն իսկապես զարմանալի էակ էր, որ փոխեց աշխարհընկալումը՝ թևակոխելով XX-XXI դարերի թվայնացված կենսակերպ: Նա զարմացնում էր ոչ միայն իր անընդհատ առաջ գնալու ձգտումով, այլև հետաքրքրասիրությամբ և այլ սովորություններով: Դրանցից էր, օրինակ՝ Թուրքիա կատարած այցը, որի մասին հետաքրքիր մանրամասներ է պատմել նրան ուղեկցող գիդը՝ Ասիլ Թունչերը: Գիդի խոսքով` տաճարի քրիստոնեական անցյալի մասին հիշատակելիս Ջոբսը սկսել է նրան հարցեր տալ Թուրքիայի քրիստոնյաների մասին: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սթիվը մեծացել է հայկական ընտանիքում, իսկ իրեն դաստիարակած ծնողները Հայոց ցեղասպանությունից ցրված հայերից էին:
Ս. Ջոբսը մահացավ 2011 թ. հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում քաղցկեղից և թողեց շատերին անհայտ մի շարք փաստեր: Բայց մի բան հստակ էր. Սթիվը մինչև վերջ սիրեց իրերի արտաքին տեսքը, դիզայնը և նույնիսկ իր կյանքի վերջին րոպեներին չցանկացավ կրել թթվածնի դիմակը, քանի որ այն անտանելի տեսք ուներ:

Ելենա Չոբանյան

Անկախ

Tags: