Ո՞ւր է Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքից ստացված 180 մլն դոլարը, եթե այն պետբյուջե չի մտել

Որոտանի ՀԷԿՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով` կառավարությունը մինչև հիմա պատասխան չի տվել, թե Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքը որքանո՞վ է օրենքի շրջանակներում կատարվել: Տնտեսագետի տեղեկացմամբ` հնչել է միայն Արդարադատության նախարարի մանկամիտ պատասխանը, որով վերջինս փորձել է անօրինական գործարքի բացատրությունը տալ, ինչը հնարավոր չէ անել:

«Մենք պահանջում էինք ասել, թե ինչպե՞ս է կատարվել Որոտանի ՀԷԿ-ի առք ու վաճառքի գործարքը, արդյոք եղե՞լ է կառավարության որոշում: Նրանք էլ պատասխանում էին, որ կառավարության որոշում չի եղել և ՀԷԿ-ի սեփականատերը կարող էր իր ցանկությամբ վաճառել այն, ինչը ոչ մի իրավական շրջանակներ մեջ չի տեղավորվում: Մարտ ամսին պարզ է դառնում, որ եղել է կառավարության որոշում: Որոշման մեջ կառավարությունը հստակ թույլ է տալիս Որոտանի ՓԲԸ-ին և Էներգետիկայի նախարարին վաճառել կառույցը»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Անդրադառնալով Որոտանի ՀԷԿ-ին` որպես մասնավոր սեփականության, տնտեսագետը նշեց, որ իր կարծիքով` ՀԷԿ-ը որպես պետական սեփականություն պետք է ընդգրկված լիներ մասնավորեցման ցանկում, հետո նոր սեփականաշնորհվեր: Մասնավորեցման ընդհանուր կանոնների համաձայն` պետք է տեղի ունենար համապատասխան գնահատում, լիներ կառավարության որոշում, որի մեջ կնշվեր մասնավորեցման ձևը:

Վահագն Խաչատրյանի խոսքով` իրավական առումով ևս պայմանագրում մեծ հարցականներ կան: Պայմանագիրն ուսումնասիրելիս` առաջին հարցը, որ առաջանում է` ո՞ւր է առք ու վաճառքից ստացված 180 մլն դոլարը, չէ՞ որ դա պետական ունեցվածք է: «Պայմանագրի համաձայն այդ գումարն ամբողջությամբ չի փոխանցվում, այլ մասնակի: Պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո փոխանցվում է մի մասը, իսկ մյուս մասը մեկ տարի հետո: Պայմանագրում գրված է, որ գումարը փոխանցվում է վաճառողին, բայց նշված չէ, թե ո՞վ է այդ վաճառողը` կառավարությո՞ւնը, Որոտան ՓԲԸ՞-ն, թե՞ Էներգետիկայի նախարարությունը: Այս հարցին է, որ կառավարությունը պատասխան չի տալիս: Պետական բյուջե այդ գումարը չի մտել, հարց է առաջանում` ո՞ւր է այդ գումարը»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ երկրորդ կարծիք չի կարող լինել, այդ գումարը պետք է մտնի պետական բյուջե:

Վահագն Խաչատրյանը պայմանագրի կարևոր մասերից մեկն էլ համարեց սակագնային փաթեթը: Նրա խոսքով` գնորդի շահագրգռվածությունը հենց այդ սակագնային փաթեթի մեջ է: Մասնագիտական գնահատականներով՝ ՀԷԿ-ի արժեքն իմանալու համար պետք է համեմատություն անցկացնել, թե նման կայանի կառուցումն ի՞նչ կարժենա: Նմանատիպ ՀԷԿ կառուցելու համար 900 մլն դոլար է հարկավոր:

 

 Անկախ

Tags: , ,