Ամփոփվեց ՀՀ պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքները

կգնՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով 2013-ի հոկտեմբեր- դեկտեմբեր ամիսներին «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիալական խոհրդատվությունների ինստիտուտը իրականացրել է Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրություն:

Հետազոտության հիմնական նպատակն է՝ գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքները՝ ըստ բարեկեցության մակարդակի, ինչպես նաև դուրս բերել ուսանողներին սոցիալական աջակցության հնարավոր ուղղությունները:

Հետազոտությանը մասնակցել են Հայաստանի պետական բուհերի բակալավրիատում և մագիստրատուրայում առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողները: Ընտրանքի ծավալը՝ 1202 ուսանող:

«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիալական խոհրդատվությունների ինստիտուտի մասնագետ Սամվել Մանուկյանն այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց ուսումնասիրության արդյունքները:

Ներկայումս պետական բուհերի առկա ուսուցմամբ սովորող 53 808 ուսանողներից վճարովի համակարգում սովորում է 34 686 ուսանող, նրանցից առնվազն 17 207-ն ունի նույնպիսի բարեկեցություն, ինչպիսին զեղչային համակարգում ընդգրկված առավել ոչ բարեկեցիկ ուսանողները:

Զեղչային համակարգի միջոցով 17 207 ուսանողներին սոցիալական աջակցության տրամադրումն իրատեսական չէ: Սակայն նպատակահարմար է զեղչային համակարգով աջակցությունն ուղղել սոցիալական նպաստառու ընտանիքներից զեղչային համակարգում ընդգրկված 3 078 ուսանողներին:

Ուսանողներին աջակցության արդյունավետ ուղղություն է հանրակացարանների տրամադրումը դրա կարիքն ունեցող 3 378 ուսանողների, որը համարժեք է տարեկան 2,8 մլն դոլարի աջակցության: Դրա համար անհրաժեշտ է հանրակացարանային ֆոնդի աուդիտ, վերանորոգում, պետական համալսարանների միջև հանրակացարանային ֆոնդի բաշխման կանոնակարգում, ինչպես նաև ուսանողներին հանրակացարանում բնակվելու համար անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման արդյունավետության աճ:

Ուսանողներին աջակցության արդյունավետության ուղղություն է քաղաքային տրանսպորտի (Երևանում նաև մետրոյի) ուսանողական աբոնեմենտների ներմուծումը, ինչպես նաև այլ բնակավայրերից համալսարան հասնելու և վերադառնալու համար ուսանողական տրանսպորտի հատկացումը:

Վճարովի համակարգում սովորող ուսանողների աջակցության տեսակ է ուսման վարձի վճարման ժամկետների բազմազանեցումը, մասնավորապես թույլատրել ուսման վարձի վճարումն ամսական կտրվածքով կամ ուսումնական կիսամյակի ընթացքում:

Պետական ծրագրի շրջանակներում բանկերի կողմից տրվող ուսանողական վարկերի վերաբերյալ տեղյակ է պետական բուհերի առկա ուսուցմամբ սովորող ուսանողների 46,5 տոկոսը: Անտեղյակության պատճառով 7000 ուսանող չի վերցրել ուսանողական վարկ պետական ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ հետազոտության արդյունքները օգտագործվելու են ԿԳՆ-ի կողմից սոցիալական աջակցության ծրագրերի և աշխատանքների թիրախավորման նպատակով:

Անկախ

Tags: , ,