Վազգեն Մանուկյանը վերակենդանացնում է ԱԺՄ-ն. կշարունակի՞ նա ղեկավարել նոր ձևավորվելիք Հանրային խորհուրդը.1-ին լրատվական

arm-1646-վազգեն_մանուկյան.JPGմՄի քանի ամսից, ավելի կոնկրետ` հունիսին լրանում է Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհրդի լիազորությունների ժամկետը: Կձևավորվի՞ նոր Հանրային խորհուրդ, թե՞ ոչ` դեռևս հայտնի չէ: Ամեն դեպքում, նոր Հանրային խորհուրդ ձևավորելու մասին օրենքի նախագիծը պատրաստ է: Այս՝ երկրորդ Հանրային խորհրդի ձևավորումը կկարգավորվի արդեն օրենքով: Իսկ մինչ այս, հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը ձևավորվեց Սերժ Սարգսյանի հրամանագրով` 2008 թվականի հուլիսին:

Վազգեն Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն կա, և նա ևս կողմ է արտահայտվել, որ նոր Հանրային խորհուրդը ձևավորվի օրենքով սահմանված կարգով: «Այս Հանրային խորհուրդը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Հիմա ինքը կարող է նորը ստեղծել: Պարզապես հիմա անհրաժեշտություն առաջացավ, որ այս նոր մարմնի ստեղծումը կարգավորվի օրենքով: Ինքը` նախագահը, գտնում է, որ ճիշտ է, որ այս նոր մարմնի գործունեությունը կարգավորվի օրենքով: Համաձայնություն կա, և կարծում եմ` մինչև հունիսի 2-ը «Հանրային խորհրդի մասին» օրենքը կընդունվի կամ չի ընդունվի: Դա արդեն ԱԺ-ն է որոշում»,- ասաց Մանուկյանը: Վերջինիս խոսքով` նոր Հանրային խորհուրդը որոշակիորեն տարբերվելու է դեռևս գործող խորհրդից: «Նոր նախագծում սկզբունքային տարբերությունն այն է, որ Հանրային խորհուրդը նախագահի կամ կառավարության նախաձեռնությամբ կարող է իր եզրակացությունը տալ ցանկացած օրենքի նախագծի կամ կառավարության որոշումների մասին: Դա բավականին հնարավորություններ է տալիս հասարակական տեսանկյունից հնչողություններ մտցնել տարբեր օրենքների ընդունման հարցում»,- նկատեց Մանուկյանը:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է ավելացնել նաև խորհրդում գործող հանձնաժողովների թիվը: «Այս նոր նախագծով մի քիչ ընդլայնվում են Հանրային խորհրդի լիազորությունները, հնարավորությունները և մի քիչ էլ կընդլայնվի կազմը»,- ասաց նա: Հանրային խորհրդի նախագահը գնահատելով խորհրդի այս տարիների գործունեությունը` ասաց, որ իր համար դժվար է գնահատել մի մարմնի գոյությունը, որի անալոգները քիչ են, և որը երկրում գոյություն չի ունեցել: «Սա լրիվ նոր համակարգ էր: Ես կարծում եմ, որ շոշափելով, սխալներով մենք բավականին ճանապարհ հարթեցինք, և ես հիմա զգում եմ, որ ապագայում անհրաժեշտ է, որ այսպիսի մարմինը գոյություն ունենա: Ես կարծում եմ, որ ճիշտ քայլ էր Հանրային խորհուրդ ստեղծելը: Կանցնեն տարիներ, և բոլորը կհասկանան, թե ինչ կառույց է սա: Պարզապես հիմա շատերը չեն հասկանում»: Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ցանկություն ունի՞ պաշտոնավարել նաև երկրորդ անգամ ստեղծվելիք Հանրային խորհրդում: «Անկեղծ ասած` չգիտեմ, ոչ ես եմ մտածել, ոչ էլ մյուսներն են մտածել: Հիմա, ոնց ասում են՝ գլորում ենք այս Հանրային խորհուրդը, և դեռ որևիցե պլան չունեմ, լուրջ չեմ մտածել: Եկեք ենթադրություններ չանենք: Ես կլինեմ Հանրային խորհրդում, թե ոչ, կառաջարկեն, թե չեն առաջարկի, կհամաձայնեմ, թե չեմ համաձայնի` չեմ կարող ասել: Ժամանակը կգա, ամեն ինչ կորոշվի: Երբ պրոբլեմն առաջացավ՝ կլուծենք: Հիմա չկա պրոբլեմը` չեմ ուզում մտածել դրա մասին»,- պատասխանեց նա:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` հնարավոր է այս նոր Հանրային խորհրդում Վազգեն Մանուկյանը չլինի նախագահ, քանի որ նա որոշել է վերակենդանացնել իր կուսակցությունը՝ ԱԺՄ-ն: Ինքը՝ Մանուկյանը, մեզ հետ զրույցում չհերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ լուրջ մտադրություններ ունի, բայց թե կուսակցությունը վերակենդանացնելը կխանգարի Հանրային խորհրդի նախագահ լինելուն, թե ոչ՝ դեռևս չի կարող ասել: «Կխանգարի, թե ոչ` չեմ կարող ասել: Բայց ես կուզենամ, որ մեր կուսակցությունը մասնակցի մյուս ԱԺ ընտրություններին, մենք այդպիսի ցանկություն ունենք, քանի որ քաղաքական դաշտում բավական մեծ դատարկ տեղ կա, բաց կա, որը մեր կուսակցությունը մի ժամանակ ծածկում էր: Իսկ այժմ ես չեմ տեսնում մի կուսակցություն, մի ուժ, որը ծածկում է այդ բացը: Իսկ հիմա տեղ կա, որը լրացնել է պետք»,- նկատեց Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով` այդ բացը հենց ազգային ժողովրդավարական սեկտորում է, որն իր մեջ պարունակում է և՛ ազգային, և՛ սոցիալական, և՛ ժողովրդավարական էլեմենտներ: «Ես նոր չպետք է ներկայացնեմ, թե ԱԺՄ-ն ինչպիսին է եղել: Ես կարծում եմ, որ նույն գաղափարները պետք է մնան, պարզապես մի քիչ հարմարեցված ժամանակակից աշխարհին»:

Անկախ

Tags: , ,