Չուխաջյանցիների հաղթանակները

Ձախից` Համբարձումյան Աննա, Դոյդոյան Սեդա, Պետրոսյան Արմինե

Ձախից` Համբարձումյան Աննա, Դոյդոյան Սեդա, Պետրոսյան Արմինե

Վերջերս Գյումրիում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը` Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն նվիրված էր Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին և հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:

Ավանդաշատ Գյումրին` ոտքի կանգնած մոտ երկուսուկես տասնամյակ առաջ տեղի ունեցած երկրաշարժի աղետից հետո, հույսով ապրում և կերտում է իր ժամանակակից պատմության նոր էջը:  Եվ այս փառատոնի կազմակերպումը մշակութային ինքնատիպ դիմագիծ ունեցող քաղաքում վերածվել է իսկական արվեստի տոնի, որը նոր թափ է առնում:

Փառատոնն անուրանալի ավանդ ունի հայ արվեստի զարգացման գործում: Այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն բացահայտելու կատարողական արվեստի մեր ներուժը, այլև համեմատելու այն երաժշտական ավանդույթներով հարուստ երկրների շնորհալի պատանիների կատարողական արվեստի հետ:  Այն նշանակալի դեր ունի պատանիների ու երիտասարդների համակողմանի զարգացման ու դաստիարակման, գեղագիտական ճաշակի ձևավորման, տաղանդաշատ կատարողների նորանոր անունների բացահայտման ու հայ մշակույթի քարոզման գործում:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնը տարեցտարի ընդլայնում է մասնակիցների թիվը և աշխարհագրությունը, և դա ապացույցն է այն իրողության, որ հազարամյակների մշակույթ ունեցող մեր ժողովուրդն այսօր էլ կարող է աշխարհին հպարտորեն ներկայանալ իր երիտասարդ ու շնորհալի երաժիշտ կատարողների արվեստով: Այն դարձել է ոչ միայն Գյումրի քաղաքի մշակութային կյանքի վերածնունդը խորհրդանշող կարևոր իրադարձություն, այլև Հայաստանի այցեքարտ աշխարհի բազմաթիվ երկրներում:

Այս տարի փառատոնում իր արվեստով փայլեց շուրջ 2500 մասնակից:

Փառատոնում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Նրանց ակտիվությունը մեծ մասամբ պայմանավորված է նոր տնօրենի` Նաիրա Վահանյանի բերած թարմ շնչով: Տիկին Վահանյանը ոգևորում է երեխաներին` նրանց  հորդորելով մասնակցել միջոցառումների և մրցույթների: Դրա վառ ապացույցն է միջազգային մրցույթ-փառատոնում Աննա Համբարձումյանի և Սեդա Դոյդոյանի հաղթանակը (1-ին և 2-րդ մրցանակ), որի համար նրանք երախտապարտ են իրենց դպրոցին և սանթուրի դասատու Արմինե Պետրոսյանին:

Փառատոնին մասնակցել են նաև Ռուբեն Ավագյանը (4-րդ դասարան, ժող.մեներգ, 1-ին մրցանակ), Եզեկելյան Վարդանը (2-րդ դասարան, ժող. մեներգ, 3-րդ մրցանակ), Գրիգորյան Զարուհին (7-րդ դասարան, դաշնամուր, 3-րդ մրցանակ), Մինասյան Մարիաննան, Տիգրանյան Արևիկը, Պողոսյան Արիկոն (դասական տերցետ, 3-րդ մրցանակ), Իսպիրյան Ալինան (3-րդ դասարան, Ժող.մեներգ, Ֆ.Մարտիրոսյանի անվ.մրցանակ), Գրիգորյան Աննան, Կարապետյան Մարգարիտան, Ազատյան Ռաֆիկը, Մինասյան Մարիաննան (հատուկ դիպլոմներ):

 

Tags: