«ԱրմենՏել» ՓԲԸ-ն` ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի

big_022f5b73e4fdbeba28ff705fe23caa12«ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության  պետական հանձնաժողովի՝ պահանջելով անվավեր ճանաչել վերջինիս 25.10. 2013թ. որոշումը «ԱրմենՏել»-ի նկատմամբ պատասխանատվության միջոց, այն է՝ 20 մլն դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Որոշումն, ըստ «ԱրմենՏել»-ի, անհիմն է, չի բխում օրենքի պահանջներից և ենթակա է անվավեր ճանաչման:
Հանձնաժողովը  հիշյալ որոշումն ընդունել է՝ քննարկելով «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության՝ ընդդեմ «ԱրմենՏելի» դիմումը: «Օրանժ Արմենիա»-ն գտել է, որ «ԱրմենՏելի» կողմից «Պարզից  պարզ» անվանումով ապրանքային նշանի օգտագործումը անհարկի  համեմատություն է իր կողմից  առաջարկվող «Պարզ» անվանումով սակագնային փաթեթի հետ, այն կարող է դիտվել որպես  հակաօրինական գովազդ՝ հասարակության մոլորեցում:
Ըստ «Օրանժ Արմենիա»-ի, «Պարզից պարզ» սակագնային փաթեթի գովազդային հոլովակում մրցակից երկու ընկերությունները՝ «Օրանժ Արմենիա»-ն և «Ղ-Տելեկոմ»-ը, խորհրդանշող գույները՝ նարնջագույն և կարմիր, օգտագործելը կարող է դիտարկվել՝ որպես տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը վնասող, անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Հանձնաժողովն էլ առանց  համապատասխան փորձաքննություն նշանակելու որոշել է, որ «Պարզ» ապրանքային նշանին՝ շփոթության աստիճանի նման «Պարզից պարզ» անվանումով ապրանքային նշանի օգտագործումը կարող է շփոթություն առաջացնել «Օրանժ Արմենիա»-ի, նրա գործունեության կամ առաջադրված ապրանքների նկատմամբ:
Անհասկանալի է, թե ինչպես է հանձնաժողովը որոշել շփոթությունը։ Նշենք, որ, օրինակ, Մտավոր սեփականության գործակալությունը ցանկացած շփոթության հարցի շուրջ որոշում կայացնում է միայն համապատասխան փորձաքննության արդյունքում: «ԱրմենՏելի»-ի կարծիքով՝ Հանձնաժողովը պարտավոր էր նշանակել փորձաքննություն, ինչը չի արել և դա հանգեցրել է անհիմն ու անօրինական որոշման կայացմանը:
Մասնագետների դիտարկմամբ՝  հանձնաժողովը պարզապես չի ցանկացել իրականացնել բազմակողմանի եւ օբյեկտիվ քննարկում և չի փորձել պարզել  վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
 Ավելին, ըստ «ԱրմենՏելի»՝ Հանձնաժողովը չի ապացուցել իր որոշման հիմքում դրված փաստերը, թեև օրենսդրությամբ կրում է ապացուցման պարտականություն:
Հետաքրքիրն այն է, որ «ԱրմենՏելը» Հանձնաժողովին հայտնել էր, որ «Պարզ» ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու հայցով դիմել է Վարչական դատարան, սակայն այդ հանգամանքն անտեսվել էր Հանձնաժողովի կողմից, թեև  վարչական մարմինը պարտավոր էր կասեցնել վարչական վարույթը՝ մինչև քննվող գործով որոշում կայացնելը:
Վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովն, ըստ «ԱրմենՏել»-ի, անտեսել է իր և «Ղ-Տելեկոմ»-ի դիրքորոշումը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ ոչ իրենք, ոչ էլ ազգաբնակչությունը գովազդային հոլովակում բիլիարդի գնդակները չեն դիտարկել որպես «Ղ-Տելեկոմ» ընկերություն, շփոթություն չի առաջացել: Ուստի այն չէր էլ կարող անդրադառնալ ընկերության համբավի կամ վարկարժեքի վրա:
«Ստացվում է, որ Հանձնաժողովի վարույթի նիստերը ձևական բնույթ են կրում և վարույթի ընթացքում քննարկված հարցերն ու հանգամանքները պարզապես անտեսվում են»,- նշում է հայցվոր ընկերությունը:
Հանձնաժողովի նիստերի ձեւականության մասին վկայող այլ օրինակներին կանդրադառնանք առաջիկայում։
«Փաստինֆո»

 

Tags: , ,