ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է առաջարկել ՀՀ կառավարությանը մշակել այն ծրագիրը, որը կնպաստի ջրային ռեսուրսների կառավարմանը

big_1386772020_4481578ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագիրը ՀՀ ջրային ոլորտի շահագրգիռ կողմերին այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացրեց Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի ուսումնասիրության արդյունքները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը,  ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Արարատի և Արմավիրի մարզպետարանների ու ջրային ոլորտում ներգրավված գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշեց, որ, չնայած ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում վերահսկելու ստորեկրյա ջրերի օգտագործումը, ջրի մակարդակը, Արարատյան ջրի հարցը շարունակում է մնալ ազգային խնդիր:

<<Ցավոք, վերջին տարիներին ձկնաբուծության անվերահսկելի աճը ջրի լուրջ նվազման պատճառ է դարձել: Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնքներում ներկայում զգացվել է խմելու և ոռոգման ջրի պակաս, ինչը բացասաբար է ազդում  այդ համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի վրա: Հունիս և հուլիս ամիսներին ջուրը հազիվ է բավարարում Մեծամորի ատոմակայանը սառեցնելու համար: Անհարժեշտ է գտնել այս խնդրի քաղաքական և իրավական լուծումը: ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է առաջարկել ՀՀ կառավարությանը մշակել այն ծրագիրը, որը կնպաստի ջրային ռեսուրսների կառավարմանը, ձկնաբուծության և գյուղատնտեսության զարգացմանը>>,- ասաց Քարեն Հիլիարդը:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ վերջին 6-8 տարիների ընթացքում Արարատյան դաշտում էապես նվազել են ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը և աղբյուրների ջրատվությունը: Ուսումնասիրությունը նաև շեշտադրում է ՀՀ կառավարության կողմից այնպիսի գործողությունների կատարման խիստ անհրաժեշտությունը, որոնք նպատակաուղղված կլինեն լուծելու վերոնշյալ խնդիրները՝ արդյունավետ կառավարման և վերահսկման մեխանիզմների ներդրման և ջրային ռեսուրսների պահպանման միջոցով: Այդ միջոցառումները կնպաստեն իրավիճակի բարելավմանը և ՀՀ գյուղատնտեսության համար կենսական նշանակություն ունեցող Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակի աստիճանական վերականգնմանը:

 

Անկախ 

Tags: , ,