Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների պահպանման նպատակով մի քանի ուղղություններով աշխատանքներ են տարվում

загруженное (1)ՀՀ կառավարությունը հատկապես վերջին տարիներին փորձում է վարչական մեխանիզմներով ինչ-ինչ ուծումներ տալ ջրային պաշարների արդյունավետ օգտագործման խնդրին: Իհարկե, չենք կարող ասել, որ այդ լուծումները դեռևս ցանկալի արդյունքներ են տվել:

Այսօր այս մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի շրջանակներում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Նա նշեց, որ կառավարության կողմից խնդրի լուծման համար մի քանի ուղղություններով աշխատանքներ են տարվում: Այդ ուղղություններն են՝ օրենսդրական դաշտի կարգավորում, որպեսզի ջրային պաշարներից օգտվող շահառուներն աշխատեն վերահսկելի պայմաններում, կարողանան օրենքով սահմանված կարգով տնօրինեն այդ պաշարները, վարչարարություն, ըստ որի, գույքագրվում են բոլոր այն աղբյուրները, որոնք այսօր ուղղակի կամ անուղղակի, օրինական կամ անօրինական ձևով շահագործվում են այս կամ այն նպատակով: <<Արդեն իսկ իրական աշխատանք է կատարվում Բնապահպանության նախարարության, մարզպետարանների կողմից չօգտագործվող աղբյուրները փակելու, չեզոքացնելու ուղղությամբ: Նման մոտ 70 խորքային հորեր են կոնսերվացվել: Այս պահի դրությամբ ՋՈ-երի սպասարկման ոլորտում գտնվող մոտ 100 խորքային հորեր բերված են փականային համակարգի, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել ջրային հոսքերը: Ոռոգման համակարգում մենք ունենք այսպիսի դեռևս 16 խորքային հորեր, որոնք այս տարի ևս բերվելու են փականային համակարգի: Կան խորքային հորեր, որոնք օգտագործվում են ոռոգման նպատակով, բայց ՋՈ-երից դուրս են: Դրանք գտնվում են համայնքների տնօրինության ներքո, դրանք ևս գույքագրման առարկա են, և դրանց ճակատագիրը ևս որոշվելու է առաջիկայում>>,- ասաց Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ նույն աշխատանքները կատարվում են նաև կենցաղային նպատակով օգտագործվող ջրային պաշարների հետ:

Եվ վերջին ուղղությունը, ըստ փոխվարչապետի, հատկապես վերաբերվում է նոր տեխնոլոգիաներով պայմանավորած ջրային պաշարների կառավարման և վերահսկողության համակարգերի ներդրմանը:

<<Առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունն ի վիճակի կլինի համապատասխան ռեսուրսների ներդրմամբ հասնել ավտոմատացված կառավարման համակարգի>>,- ասաց Արմեն Գևորգյանը:

 

Անկախ

Tags: , , ,