Առաջիկա 5 տարում Սևանա լճի տարածքի մի մասը կվերածվի ձկնաբուծարանի: Դրա համար լճի տարածքում կկառուցվեն ցանցավանդակային տնտեսություններ: Այլ կերպ ասած՝ հենց լճի մեջ կսկսեն ձկներ բուծել: Այս ծրագիրն արդեն արժանացել է կառավարության հավանությանը, անգամ բնապահպանության նախարարն է հասցրել գովաբանել այն: Ավելին, կառավարությունը պետական բյուջեից 8.4 մլն դրամ է հատկացնել «Գրանթ Թորոնթոն» ՓԲԸ-ին` ծրագիրն անկախ տնտեսագիտական փորձաքննության ենթարկելու համար: Եվ փորձաքննությունն էլ արդեն կանաչ լույս է վառել լճում արդյունագործական ձեռնարկություն հիմնելու նախաձեռնության առաջ:
Ծրագրի իրականացմանը, սակայն, դեմ է, Հայաստանի բնապահպանական հանրույթը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մասնագետները վստահ են, որ այս ծրագիրն ուղղակի դատավճիռ է Սևանի համար: «Փաստինֆո»-ի հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս ծրագրի հետևում, «Էկո լուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը պատասխանեց. «Այս հարցի պատասխանը շատ պարզ է, վերցնում են մի կազմակերպություն` «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ, որը պետք է իրականացնի այս ծրագիրը: Հիմա իրենք ասում են, որ այս մասշտաբային ծրագրի իրականացման մեջ պետք է մասնակցություն ունենա նաև մեր կառավարությունը, որ դա մի մասով կլինի պետական ծրագիր»:
Ի դեպ, «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ընկերության կապիտալում ՀՀ կառավարությունը 2011թվականից սկսած 49 տոկոսի չափով մասնակցություն ունի: 2011-ի հոկտեմբերի 27-ին գործադիրը 4 մլն 900 հազար դրամով գնել է ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը: Ավելորդ չէ հիշեցնել, որ ժամանակին այս ընկերությունն ստեղծվել էր մասնավորապես ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով, և, ինչպես ժամանակին հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս ընկերության նպատակը Հայաստանում ջերմոցային տնտեսությունների մեծ ցանց ունենալու ակնկալիքով նման բիզնես ծրագրերի ներդրմանն օժանդակելն էր:
Սևանում ձկնաբուծական տնտեսությունների մասին այն ժամանակ դեռ ոչ մի խոսք չկար: Իսկ ներկայացված նոր ծրագրով նախատեսվում է, որ այս ընկերությունը 74 ձկնաբուծական տնտեսություն կստեղծի, որոնք 5 տարի աշխատելով, տարեկան 50 000 տոննա ձուկ կարտադրեն: Իսկ ձկներին կերակրելու համար տարեկան 50 000 տոննա կեր պետք է լցվի լիճը կամ, ինչպես պատկերավոր նշեց մասնագետներից մեկը, տարեկան 1000 վագոն: Արդյունքում, ըստ մասնագետների, լճի հատակը կպատվի թանձր նստվածքով, լիճն էլ անդառնալիորեն կճահճանա:
Այս կործանարար ծրագրի իրականացումը կանխելու համար բնապահպաններն արդեն դիմել են երկրի նախագահին ու վարչապետին և ակնկալում են նրանց միջամտությունը: Ի դեպ, մեր հարցին, թե որքանո՞վ են հավատում նման մեծ բիզնես ծրագիրը չեղյալ հայտարարելու հավանականությանը, ջրային էկոհամակարգերի մասնագետ, բնապահպան Սեյրան Մինասյանը հիշեց տարիներ առաջ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան Սոթք տեղափոխելու ծրագրի դրական օրինակը: «Այն ժամանակ շատ մեծ մարդիկ էին կանգնած և շատ բարձր մակարդակով էր որոշումներն ընդունվում: Ավելին` ԳԱԱ 3 ինստիտուտներից 2-ը դրական եզրակացություն էին տվել և ինձ ասում էին, մեկ է՝ դրական է լինելու, լավ է միանգամից համաձայնենք, դեմ էր արտահայտվել միայն Հիդրոէկոլոգիայի ինստիտուտը: Ես չեմ ասում միայն այդ ինստիտուտի շնորհիվ էր, բայց այս ինստիտուտը պայքարեց մինչև վերջ, և վերջ ի վերջո, տարբեր առվակներ միանալով այս պայքարին, դարձան գետի նման, և առաջին դեմքի մակարդակով ծրագրի վրա վետո դրվեց»,- ասաց Սեյրան Մինասյանը՝ հույս հայտնելով, որ այսօր էլ նման հնարավորություն կա:
Փաստինֆո
Tags: «Սևանա լիճ», բնապահպաններ, ձկնաբուծություն
