Եթե կուտակայինի մասին օրենքը հակասահմանադրական չճանաչվի, գիտությունն անդառնալի կորուստներ կունենա. երիտասարդ գիտնականներ

GAA-300x225ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ ԳԱԱ-ի մոտ՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի:

Երիտասարդ գիտնականները դժգոհում են, որ ակադեմիայի ղեկավարությունն իրենց աշխատավարձերից պարտադիր պահումներ է արել, ինչն իրենք անօրինական են համարում: Գիտնականները նշեցին, որ հունվար ամսին պահումներ չեն արվել, սակայն փետրվար ամսի պահումներն արդեն արվել են: Սա, ըստ նրանց, պայմանավորված է «վերևներից» եկող ճնշմամբ, քանի որ ԳԱԱ-ն գտնվում է ԿԳՆ ենթակայության ներքո:

Երիտասարդ գիտնականները շուրջ 70 ստորագրությամբ դիմում-նամակ են գրել՝ ուղղված ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Երիտասարդ գիտնականները նշեցին, որ առանց այն էլ իրենց աշխատավարձերը շատ ցածր են, գիտությունը խոցելի ոլորտ է, և պետությունը, փոխանակ իրենց աջակցելու մասին մտածի, ընդհակառակը, իրենց անելանելի դրության մեջ է դնում: «Ներկան թողած, «ապագայի» մասին մտածել պետք չէ» պաստառով Ղազար Գալոյանը նշեց, որ առանց գիտելիքահենք հասարակության պետություն չի լինում, իսկ 60-70 հազար դրամով հնարավոր չէ գիտությամբ զբաղվել:

Երիտասարդ գիտնականներին, ովքեր ցանկանում էին անձամբ դիմումը հանձնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ասացին, որ նա տեղում չէ, և նամակը փոխանցվեց ակադեմիայի ընդհանուր բաժին, որպեսզի հասնի ԳԱԱ նախագահին:

Ավելի ուշ պարզվեց, որ նա տեղում է, և երբ լրագրողները բարձրացան շենք, Ռ Մարտիրոսյանը ստիպված եղավ ընդունել նրանց՝ նշելով, որ բազմաթիվ գործեր ունի, և ո´չ բողոքողների, ո´չ լրագրողների հետ նախապես չի պայմանավորվել, դրա համար էլ հրաժարվել է ընդունել նրանց:

«Ես հիմնականում ճանաչում եմ Ակադեմիայի երիտասարդ գիտնականներին, սակայն պատուհանից նայում էի և բողոքողների մեջ իմ ճանաչած գիտնականներից ոչ ոքի չտեսա»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հավատացրեց նա՝ այնուհանդերձ չբացառելով, որ նրանք կարող են և ԳԱԱ համակարգից լինել:

Ռ. Մարտիրոսյանն, անդրադառնալով կուտակայինի կենսաթոշակների մասին օրենքին, կարծիք հայտնեց, որ այն հետագայում կունենա իր դրական ազդեցությունը:

Երիտասարդ գիտնականները շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան, որպեսզի նույնաբովանադակ դիմում-նամակ հանձնեն նաև ՍԴ-ին: Նրանք վստահ են, որ, եթե օրենքը հակասահմանադրական չճանաչվի, Հայաստանում գիտությունը լուրջ վտանգի առջև և անդառնալի կորուստներ կունենա:

Անկախ

Tags: , ,