«Միանգամից Ռուսաստանից հրաժարվելը Թուրքիայի համար ինքնասպանության նման մի բան է». թուրքագետ

Արտակ-ՇաքարյանցՂրիմի և Ուկրաինայի զարգացումների վրա Թուրքիան պրակտիկորեն ոչ մի ազդեցություն չկարողացավ ունենալ, սակայն այդ զարգացումների ֆոնին մենք տեսանք Մոսկվա-Անկարա հետաքրքիր խաղ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով` Թուրքիան քայլ առ քայլ իրեն զգում է Ռուսաստանի կողմից շրջափակման մեջ, որովհետև վրացական սցենարով Կովկասում Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերը, Ղրիմը վերցրեց Սև ծովում, Սիրիայում ևս մեծ ներդրումներ ունի Ռուսաստանը, այդ ճակատում Թուրքիան էլի հետընթաց ունի: Թուրքիան իր հերթին շատ խնդիրներ ունի Էգեյան ծովում հույների հետ, Միջերկրական ծովում, Սև ծովի ազավանից դուրս մղումը բավական էական ռազմավարական հարված էր Թուրքիային:

Արտակ Շաքարյանի խոսքով` ռուս-թուրքական հարաբերություններում էականը Ղրիմի թաթարների հարցն է: Ղրիմի թաթարների պաշտպանությունը Անկարայի կողմից գեղեցիկ կերպով տեղավորվում է Թուրքիայի պանթյուրքիստական, նեոօսմանիստական վերջին մոտցումներում, որտեղ Թուրքիան իրեն համարում է աշխարհի բոլոր թյուրքերի իրավունքների պաշտպանը:

«Առավել էական է Ղրիմի թաթարների հարցն այսօր Թուրքիայի ներքաղաքական հաշվարկներում: Հաշվի առնենք, թե որտեղ է Էրդողանը հայտարարել Ղրիմի թաթարներին աջակցելու, նրանց շահերը պաշտպանելու մասին: Թուրքիան Ղրիմի թաթարների պաշտպանության մասին հայտարարությունն արել է այն քաղաքում, որտեղ բնակչության 80 %-ը թաթարներ են, այսինքն` ռուսական կայսրությունից գաղթածներ»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Ամեն դեպքում, ըստ թուրքագետի, ռուս-թուրքական հարաբերությունները շատ խորն են, Թուրքիան բազում տեսանելի և անտեսանելի ձևերով կապված է Ռուսաստանի հետ և բավական բարդ է նրա համար որևէ կտրուկ քայլ անել Մոսկվայի ուղղությամբ:

Թուրքագետը հիշեցրեց, որ Ռուսաստանը Թուրքիայի թիվ երկու առևտրային գործընկերն է, Գերմանիայից հետո:

«Թուրքիան Ռուսաստանից եկող գազից էական կախում ունի, Թուրքիայի տնտեսությունը էականորեն կախված է ռուսական ածխաջրածնից: Միանգամից Ռուսաստանից հրաժարվելը Թուրքիայի համար ինքնասպանության նման մի բան է:

Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է առաջին ատոմաէլեկտրակայանը, որը վերջին 60 տարիներին եղել է Թուրքիայի ռազմավարական զարգացման պլաններում: Երկրորդական խնդրի պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը, ատոմակայանը վտանգելը Թուրքիայի համար էական խնդիր է»,- ասաց Արտակ Շաքարյանը:

 

 Անկախ

Tags: , , ,