«Մենք բոլորս ենք պատասխանատու ջրային ռեսուրսների կառավարման անվերահսկելի վիճակի համար». Վոլոդյա Նարիմանյան

նարիմանյանՀայաստանն օգտագործում է ջրային ռեսուրսների կառավարման նույն համակարգը, ինչ Ֆրանսիան: 1980-ական թվականներին Ֆրանսիայի հարավային հատվածների ջրային ռեսուրսների հետ նույն խնդիրն առաջացավ, ինչ Արարատյան դաշտավայրում: Բայց մի քանի տարվա աշխատանքներից հետո Ֆրանսիայի հարավը եկավ ջրային ռեսուրսների բնականոն հաշվեկշռին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրների անկառավարելի վիճակից` ասաց ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը:

Նա ընդգծեց, որ այսօր բավական լուրջ աշխատանքներ են տարվում Արարատյան դաշտավայրում ապօրինի ջրօգտագործման կանխման, ապօրինի խորքային հորերի փակման կամ լուծարման ուղղությամբ: Միայն Արարատի մարզում հաշվառվել են 599 խորքային հորեր, որոնք համայնքային պատկանելության են, և որոնցից  միայն 14-ն է ձևակերպել ջրօգտագործման թույլտվություն:

Վոլոդյա Նարիմանյանի խոսքով`խորքային հորերը մեզ ժագանգություն են մնացել Խորհրդային Միությունից: Ներկայումս Արմավիրի մարզում շարունակվում են խորքային հորերի հաշվառման աշխատանքները, որպեսզի պարզվի` ո՞ր հորերն են տրվելու համայնքային օգտագործման համար, որո՞նք ենք լուծարվելու, որո՞նք են տրվելու ոռոգման համար: Այսօր արդեն իսկ ջրօգտագործողների հաշվին լուծարվել է 70 խորքային հոր:

«Մենք բոլորս ենք պատասխանատու ջրային ռեսուրսների կառավարման անվերահսկելի վիճակի համար: Անսխալական կառավարում չի լինում: Որպեսզի գնահատենք ջրային ռեսուրսների վիճակը, պետք է անցկացնենք հիդրոերկրաբանական հետազոտություն, որը թանկ հաճույք է, արժե 257 մլն դրամ: 2007-ին մենք դիմեցինք կառավարությանը` հետազոտության համար գումար հատկացնելու նպատակով: Ցավոք, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով չկարողացանք այդ ֆինանսավորումը ստանալ: Ապա դիմեցինք ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը: Վերջինիս  տրամադրած ֆինանսական միջոցներով էլ կատարվել է միայն փաստաթղթային ուսումնասիրություն»,- ասաց  Նարիմանյանը:

Tags: ,